ՀՀ նախագահը և ԱՄԷ դեսպանը քննարկել են հեռանկարային մի շարք բնագավառներում որոշակի ծրագրեր իրականացնելու հնարավորությունները

ՀՀ նախագահը և ԱՄԷ դեսպանը քննարկել են հեռանկարային մի շարք բնագավառներում որոշակի ծրագրեր իրականացնելու հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջասեմ Մուհամմադ Ալ Կասեմին:

Ինչպես հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ՝ հույս հայտնելով, որ դեսպան Ալ Կասեմին պաշտոնավարման ընթացքում իր անձնական փորձն ու մասնագիտական կարողությունները լավագույնս կծառայեցնի Հայաստանի և ԱՄԷ-ի միջև բարեկամական կապերի առավել ամրապնդմանն ու խորացմանը:

Ընդգծելով, որ հայ-արաբական հարաբերությունները պայմանավորված են դարերի պատմություն ունեցող բարեկամությամբ, Սերժ Սարգսյանը նշել է, որ այսօր այդ հիմքի վրա Հայաստանի և արաբական երկրների միջև հաջողությամբ զարգանում են միջպետական հարաբերությունները, որոնք կարևոր տեղ են զբաղեցնում Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնային ուղղությունների շարքում: Հանրապետության Նախագահի խոսքով, հայ-էմիրաթական հարաբերություններն այդ փոխգործակցության լավագույն օրինակներից են:

Դեսպան Ալ Կասեմին վստահեցրել է, որ իր երկրում ևս Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ ընդգծված ջերմ ու հարգալից վերաբերմունք կա: Նա իր համար մեծագույն պատիվ է համարել լինել Հայաստանում Էմիրությունների առաջին ռեզիդենտ դեսպանը և ընդգծել, որ աշխատանքն սկսում է երկու երկրների համար փոխշահավետ բոլոր ոլորտներում մոտ ապագայում հստակ հաջողություններ արձանագրելու վստահությամբ:

Հանդիպմանը ՀՀ նախագահը և ԱՄԷ դեսպանը քննարկել են տնտեսական ոլորտում փոխգործակցության զարգացման, ներդրումների ներգրավման և այդ նպատակով հեռանկարային մի շարք բնագավառներում՝ գյուղատնտեսություն, հանքարդյունաբերություն, առողջապահություն, զբոսաշրջություն, ավիացիա, ոսկերչություն և ադամանդագործություն, բանկային համակարգ, ենթակառուցվածքներ, էներգետիկա և այլն, որոշակի ծրագրեր իրականացնելու հնարավորությունները:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում հայ-էմիրաթական փոխգործակցությանը, տարածաշրջանում տիրող իրավիճակին և առկա մարտահրավերներին, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին, ինչպես նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում ընթացիկ տարում նախատեսված միջոցառումներին:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

16:57 18.02.2015




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×