Рейтинг@Mail.ru
USD
386.94
EUR
433.3
RUB
4.8079
GEL
141.17
2025 թ. մայիսի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
+10

ՀՀ նախագահը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի իշխանություններին

02.06.2016, 21:04
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհակալություն է հայտնել Գերմանիայի Դաշնային Հանրապետության գերագույն իշխանությանը, հայտնում է հայկական պետության նախագահի մամուլի ծառայությունը։
ՀՀ նախագահը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի իշխանություններին

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհակալություն է հայտնել Գերմանիայի Դաշնային Հանրապետության գերագույն իշխանությանը, հայտնում է հայկական պետության նախագահի մամուլի ծառայությունը։

Նախագահը մասնավորապես հեռագրեր է հղել Յոախիմ Գաուկին, Կանցլեր Անգելա Մերկելին և Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտին՝ Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման կապակցությամբ։

Ինչպես նշվում է հաղորդագրությունում, ՀՀ Նախագահը խորին շնորհակալություն է հայտնել նրանց և Գերմանիայի բոլոր այն քաղաքական և հասարակական ուժերին, որոնք իրենց վճռական խոսքն ասացին այս հարցում։

Նախագահ Սարգսյանը համոզվածություն է հայտնել, որ բանաձևն իր ուրույն դերը կունենա ցեղասպանությունների ճանաչման և կանխարգելման գործում։

Սարգսյանի համոզմամբ, Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումն իսկապես պատմական քայլ էր. պատմական՝ ոչ միայն Հայաստանի և հայ ժողովրդի, Գերմանիայի և գերմանացի ժողովրդի, այլև ողջ քաղաքակիրթ աշխարհի համար։

«Այն խորհրդանշում է ժողովրդավարության, համամարդկային արժեքների գերակայությունը և ընդգծում Գերմանիայի հետևողական դերն այդ արժեքների պահպանման գործում: Այն ուղերձ է ամբողջ աշխարհին առ այն, որ մարդկության դեմ գործված նույնիսկ հարյուրամյա վաղեմության հանցագործությունները ոչ միայն չեն մոռացվում, այլև դատապարտվում են՝ ճշգրիտ բնորոշմամբ»,- ասված է ՀՀ նախագահի խոսքում: