Рейтинг@Mail.ru
USD
394.31
EUR
413.87
RUB
3.81
GEL
138.84

ՀՀ նախագահը պատասխանել է Թուրքիայի նախագահի նամակ-հրավերին

17.01.2015, 13:08
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` ի պատասխան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի նամակի, որտեղ Թուրքիայի նախագահը Հայաստանի Հանրապետության նախագահին հրավիրել է ս.թ. ապրիլի 24-ին ներկա լինելու Թուրքիայում Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյակի հիշատակի միջոցառումներին, պատասխան նամակ է հղել, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
ՀՀ նախագահը պատասխանել է Թուրքիայի նախագահի նամակ-հրավերին
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` ի պատասխան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի նամակի, որտեղ Թուրքիայի նախագահը Հայաստանի Հանրապետության նախագահին հրավիրել է ս.թ. ապրիլի 24-ին ներկա լինելու Թուրքիայում Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյակի հիշատակի միջոցառումներին, պատասխան նամակ է հղել, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

ՀՀ նախագահը նամակում նշել է, որ, հիրավի, Առաջին աշխարհամարտը մարդկության պատմության ամենազարհուրելի էջերից է, որ միլիոնավոր անմեղ մարդկային կորուստների և ճակատագրերի խեղման պատճառ դարձավ:

«Գալիպոլիի ճակատամարտի մասնակից էր նաև Օսմանյան կայսրության զորքերի հայազգի հրետանավոր, կապիտան Սարգիս Թորոսյանը. սպա, որ նվիրվել էր կայսրության պաշտպանության ու անվտանգության ապահովմանը և հավատարիմ ծառայության ու սխրանքների համար Օսմանյան կայսրության կողմից արժանացել էր ռազմական պարգևների: Մինչդեռ, նույն թվականին իր գագաթնակետին հասած՝ Օսմանյան կայսրության կողմից հայ ժողովրդի նկատմամբ նախապես ծրագրված և իրականացված զանգվածային ջարդերի ու բռնի տեղահանման ալիքը չշրջանցեց անգամ Սարգիս Թորոսյանին: Ցեղասպանությանը զոհ գնացած մեկուկես միլիոն հայերի թվում էին նրա ծնողները, ովքեր դաժանաբար սպանվեցին, իսկ քույրը մահացավ Սիրիայի անապատում»,– նշել է Սերժ Սարգսյանը:

Նախագահը հիշեցրել է, ո հենց նախադեպը չունեցող այդ կոտորածի արդյունքում էր, որ Ռաֆայել Լեմկինը ստեղծեց «ցեղասպանություն» եզրույթը, և դրա անպատժելիությունն էր, որ հող նախապատրաստեց Հոլոքոստի և Ռուանդայում, Կամբոջայում ու Դարֆուրում ցեղասպանությունների համար:

«Ըստ Ձեզ՝ Գալիպոլիի մարտերը ոչ միայն Թուրքիայի, այլև ողջ աշխարհի համար պատերազմից ծնունդ առած բարեկամական հարաբերությունների առանձնահատուկ օրինակ են, իսկ ճակատամարտի դաշտը՝ պատերազմի դառը ժառանգության մասին հիշեցնող խաղաղության և բարեկամության հուշարձան: Մի կողմ թողնելով բոլորին քաջ հայտնի Գալիպոլիի ճակատամարտի նշանակությունը կամ Թուրքիայի վիճահարույց դերակատարությունը Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների ընթացքում՝ անհրաժեշտ է հիշել, որ խաղաղությունը և բարեկամությունն առաջին հերթին պետք է հիմնված լինեն սեփական անցյալի հետ առերեսման խիզախության, պատմական արդարության, ինչպես նաև համամարդկային հիշողության՝ ոչ թե ընտրովի, այլ ամբողջական ճանաչման վրա»,– ասված է նամակում:

Սերժ Սարգսյանը նշել է, որ ավաղ, Թուրքիան շարունակում է ժխտողականության իր ավանդական քաղաքականությունը և տարեցտարի «կատարելագործելով» պատմության աղճատման իր գործիքակազմը՝ Գալիպոլիի մարտերի հարյուրամյակն այս տարի առաջին անգամ նշում է ապրիլի 24-ին, այն դեպքում, երբ դրանք սկսվել են 1915 թվականի մարտի 18-ին և շարունակվել մինչև 1916 թվականի հունվարի վերջը, իսկ դաշնակիցների ափհանման օպերացիան՝ Գալիպոլիի ցամաքային մարտերը սկսվել են ապրիլի 25-ին: Ի՞նչ նպատակ է սա հետապնդում, եթե ոչ համաշխարհային հանրության ուշադրությունը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներից շեղելու պարզունակ նպատակ: Մինչդեռ, մինչև հիշատակի միջոցառում նախաձեռնելը, Թուրքիան շատ ավելի կարևոր պարտականություն ուներ սեփական ժողովրդի և ողջ մարդկության հանդեպ, այն է՝ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը:

Սերժ Սարգսյանը Էրդողանին խորհուրդ է տալիս համաշխարհային խաղաղությանն ուղղված կոչերում չմոռանալ Հայոց ցեղասպանության ճանաչման ուղերձ հղել աշխարհին՝ ոգեկոչելով մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը:

«Յուրաքանչյուրիս պարտքն է գալիք սերունդներին փոխանցել խեղաթյուրումից զերծ իրական պատմությունը՝ այդ կերպ կանխելով ոճրագործությունների կրկնությունն ու հող նախապատրաստելով ազգերի, հատկապես հարևան ազգերի միջև մերձեցման և հետագա համագործակցության համար»,– նշում է Հայաստանի նախագահը:

Նամակի հետգրության մեջ Սերժ Սարգսյանը գրում է. «Հ.Գ. Ձերդ Գերազանցություն, դեռևս մի քանի ամիս առաջ հրավիրել եմ Ձեզ Երևան՝ 2015 թվականի ապրիլի 24-ին միասին հարգելու Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակը: Մեզ մոտ ընդունված չէ հյուրընկալվել հրավիրվողին՝ առանց սեփական հրավերի պատասխանը ստանալու»:

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-