Рейтинг@Mail.ru
USD
386.2
EUR
435.48
RUB
4.8047
GEL
141
2025 թ. մայիսի 20, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+14

Հայաստանի Օմբուդսմենը հրաժարականի երկրորդ դիմումն է ներկայացրել

18.01.2016, 13:54
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հրաժարականի երկրորդ դիմումն է ներկայացրել, հայտնում է Օմբուդսմենի գրասենյակի մամուլի ծառայությունը։
Հայաստանի Օմբուդսմենը հրաժարականի երկրորդ դիմումն է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի. /ԱՌԿԱ – Նովոստի–Արմենիա/. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հրաժարականի երկրորդ դիմումն է ներկայացրել, հայտնում է Օմբուդսմենի գրասենյակի մամուլի ծառայությունը։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հրաժարականի առաջին դիմումն Ազգային ժողով էր ուղղել 2016 թվականի հունվարի 13–ին։ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի համաձայն, Օմբուդսմենի լիազորությունները դադարձցվում են այն դեպքում, եթե նա ոչ ուշ, քան Հայաստանի ԱԺ դիմում ներկայացնելուց 10 օրվա ընթացքում ներկայացնում է հրաժարականի երկրորդ դիմումը։ 

Այսպիսով, մամուլի հաղորդման մեջ նշվում է, որ այսօրվանից կդադարեցվեն Հայաստանի երրորդ Օմբուդսմենի լիազորությունները, ինչի կապակցությամբ դիմում է ուղղվել խորհրդարան։ 

«Վաղվանից Հայաստանի քաղաքացիները կկարողանան Օմբուդսմենի գրասենյակում ստանալ միայն իրավական խորհրդատվություն, քանի որ առանց գործող Օմբուդսմենի ոչ մի անձ իրավասու չէ վարույթի դիմումներ ընդունել և շարունակել արդեն առկա գործերի վարույթը»,– նշվում է Գրասենյակի մամուլի հաղորդման մեջ։ 

Ավելի վաղ Անդրեասյանը Facebook–ի իր էջում հայտարարություն էր հրապարակել, որտեղ փորձել էր բացատրել համաքաղաքացիներին հրաժարականի իր մտադրության պատճառները։ Անդրեասյանի խոսքով, եթե նա շարունակեր զբաղեցնել այդ պաշտոնը 2016 թվականին, ապա երկրի կարևորագույն ինստիտուտը կդադարեր արդյունավետ գործել։ 

Անդրեասյանը ներողություն խնդրեց բոլոր նրանցից, ում սպասելիքները նրան չհաջողվեց արդարացնել և հույս հայտնեց, որ սահմանադրական բարեփոխման շրջանակում ընդունվող նոր օրենքները թույլ կտան լուծել մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող բազմաթիվ հարցեր։ Օմբուդսմենի լիազորությունների դադարեցման դեպքում մարդու իրավունքների նոր պաշտպանը պետք է նշանակվի իր նախորդի լիազորությունների դադարեցումից մեկ ամսվա ընթացքում։ Մինչև նոր Օմբուդսմենի նշանակումը նրա պարտավորությունները կատարում է տեղակալը։

Կարեն Անդրեասյանը Հայաստանի երրորդ օմբուդսմենն է, Հայաստանի խորհրդարանի կողմից որպես Մարդու իրավունքների պաշտպան է ընտրվել 2011 թվականի մարտի 2–ին։ 

Սովորել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, Կալիֆոռնիայի Բերքլիի համալսարանում, Օքսֆորդի համալսարանում, Կանադայի մարդու իրավունքների կենտրոնում, Լրագրության եվրոպական կենտրոնում (Նիդեռլանդներ)։ Իրավաբանական գիտությունների թեկնածու է, ԵՊՀ դոցենտ և Հայաստանի փաստաբանների կոլեգիայի անդամ։ 

39–ամյա Անդրեասյանը շուրջ 20 հրապարակված գիտական հոդվածների, ուսումնական ձեռնարկների և այլ աշխատությունների հեղինակ է։ -0-