Հայաստանի վարչապետը ակտիվիստներին հորդորում է կառուցողական դաշտ վերադառնալ
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող ակտիվիստներին հորդորել է կառուցողական դաշտ վերադառնալ։
«Նման գործելաոճը հաջողություն չի բերի։ Մայրաքաղաքի գլխավոր պողոտաներից մեկը շրջափակելը, քաղաքացիների ազատ տեղաշարժը խախտելը որևէ օգուտ չի բերի։ Ես կոչ եմ անում ակտիվիստներին վերադառնալ կառուցողական դաշտ, քանի որ կառավարությունը պատրաստ է քննարկել ցանկացած հարց», – հինգշաբթի կառավարության նիստի ընթացքում ասել է վարչապետը։
Անդրադառնալով խաղաղ ցույցը ոստիկանների կողմից ցրելու հարցին` Աբրահամյանը նշել է, որ ներկա պահին կատարվում է ծառայողական հետաքննություն, և հասարակության համար շատ կարևոր է բացահայտել և պատժել նրանց, ովքեր չարաշահել են ծառայողական դիրքը։
«Ո՛չ թալանին» քաղաքացիական շարժման ներկայացուցիչները հունիսի 19-ից Ազատության հրապարակում եռօրյա նստացույց էին անցկացնում։ Երկուշաբթի երեկոյան նրանք շարժվել էին դեպի ՀՀ նախագահի նստավայր, սակայն ոստիկանները կանգնեցրել էին նրանց Մարշալ Բաղրամյանի պողոտայի սկզբում` չթողնելով առաջ շարժվել։
Երեքշաբթի վաղ առավոտյան ոստիկանները ջրցան մեքենաների միջոցով ցրել են էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող և Մարշալ Բաղրամյան պողոտան փակած ցուցարարներին։ Շուրջ 240 մարդ բերման է ենթարկվել ոստիկանական բաժիններ։
Ակցիան վերսկսվել է երեկ երեկոյան։ Ցույցերը խաղաղ բնույթ են կրում։ Ներկա պահին Բաղրամյան պողոտան շարունակում է փակ մնալ։
Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են չեղյալ հայտարարել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` հունիսի 17–ի որոշումը, որը վերաբերում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը։ Ըստ որոշման` օգոստոսի 1–ից սակագինը 1 կՎտ/ժ–ի դիմաց կբարձրանա 6,93 դրամով (մոտ 16,7 տոկոսով)։ Ընդ որում` ՀԷՑ–ն իր հայտում առաջարկում էր սակագինը բարձրացնել 40,8 տոկոսով։ –0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
12:29 25.06.2015