Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
+13

Իրանը լուրջ է տրամադրված Հայաստանի հետ ՀԷԿ–ի և երկաթուղու կառուցման համատեղ ծրագրերի իրականացմանը. ԱԳՆ ղեկավար

27.01.2015, 15:50
Իրանը լուրջ է տրամադրված Հայաստանի հետ ՀԷԿ–ի և երկաթուղու կառուցման համատեղ ծրագրերի իրականացմանը, երեքշաբթի Երևանում ասաց ԻԻՀ արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը։
Իրանը լուրջ է տրամադրված Հայաստանի հետ ՀԷԿ–ի և երկաթուղու կառուցման համատեղ ծրագրերի իրականացմանը. ԱԳՆ ղեկավար
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի. /ԱՌԿԱ/. Իրանը լուրջ է տրամադրված Հայաստանի հետ ՀԷԿ–ի և երկաթուղու կառուցման համատեղ ծրագրերի իրականացմանը, երեքշաբթի Երևանում ասաց ԻԻՀ արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը։

«Համատեղ ծրագրերի իրականացման համար Թեհրանը լուրջ քաղաքական կամք ունի, պարզապես անհրաժեշտ է լուծել տեխնիկական որոշ խնդիրներ»,– ասաց Զարիֆն իր հայ գործընկեր Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Ըստ նրա` Մեղրու ՀԷԿ–ի կառուցումն իրականացնող իրանական կողմն արդեն ներկայացրել է տեխնիկական չափանիշները, և փորձագետների հավանությունից հետո «առաջընթացի նոր հնարավորություններ կբացվեն»։

Մեղրու ՀԷԿ–ի հիմնադրման արարողությունը կայացել է 2012 թվականի նոյեմբերի 8–ին։ Այս ծրագիրն իրականացվում է 2007թ.-ի մարտի 19-ին Հայաստանի և Իրանի կառավարությունների միջև ստորագրված Մեղրիում և Կարաչիլարում էլեկտրակայանի զինման և շահագործման համագործակցության մասին համաձայնագրի շրջանակում։ Համաձայնագրի շրջանակում նախատեսվում է սահմանամերձ Արաքս գետի մոտ կառուցել երկու հիդրոկայաններ. հայկական կողմից ՀԷԿ-ը կտեղակայվի Մեղրի քաղաքում, իսկ իրանական կողմից՝ Կարաչիլարում: Մեղրիում և Կարաչիլարում ՀԷԿ-ի կառուցումը կիրականացվի զուգահեռ, ինչը թույլ կտա 10-15 տոկոսով օպտիմալացնել ծախսերը:

Խոսելով «Հյուսիս–հարավ» երկաթուղու շինարարության մասին` Զարիֆն ընդգծեց, որ արդյունավետ բանակցություններ են անցկացվել, «լավ որոշումներ են ընդունվել»։

«Հուսանք, որ նախագիծը կշարժվի տեղից»,– ընդգծեց նա։

Իրանի ԱԳՆ ղեկավարն ընդգծեց, որ այդ ծրագրերի իրականացումը ձգձգվել է ծագած ֆինանսական խնդիրների պատճառով, որոնք արդեն լուծվել են Հայաստանի կառավարության ակտիվ գործունեության շնորհիվ։

Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանն իր հերթին նշեց, որ Հայաստանի և Իրանի միջև թվարկած ծրագրերի իրականացման հետ կապված խնդիրներ չկան, «կան միայն տեխնիկական հարցեր, որոնք կարելի է լուծել»։

«Կա նաև պատրաստակամություն և ցանկություն` այդ ծրագրերը կյանքի կոչելու համար։ Կողմերն ունեն համապատասխան պայմանավորվածություններ, քննարկվել են բոլոր հարցերը։ Կարծում եմ, որ բոլոր ծրագրերը կյանքի կկոչվեն»,– ընդգծեց նա։

Հայաստան–Իրան երկաթուղու կառուցման ծրագիրը գերակայություն է Հայաստանի համար։ «Հայաստանի հարավային երկաթուղի» և «Հայաստանի հարավային արագընթաց երկաթուղի» նախագծերի գործարկման մասին հայտարարվել էր 2013 թվականի հունվարին։ Նույն ժամանակ էլ ստորագրվել էր Հայաստանի հարավային երկաթուղու զարգացմանն ուղղված տարածաշրջանային համագործակցության փոխըմբռնման եռակողմ հուշագիրը` «Հարավկովկասյան երկաթուղի» ԲՓԸ–ի, Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարության և «Ռասիա ՖԶԷ» ընկերության միջև։ Ծրագրվում է, որ երկաթուղու կառուցումը կիրականացվի վեց տարում։ Նախագծի արժեքը գնահատվում է 3.5 մլրդ դոլար։ Հայաստանի տարածքում երկաթուղու ընդհանուր երկարությունը կկազմի 305 կմ։ Այն կունենա 19.6 կմ ընդհանուր երկայնության 86 կամուրջ և 102 կմ ընդհանուր երկայնության 60 թունել։ Շինարարությունը, ըստ ծրագրի, կավարտվի 2022 թվականին։