Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 10, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+26

ԼՂՀ ընտրությունները վկայում են անկախ պետականություն կառուցելու գործընթացի անդառնալիության մասին. ԱԳՆ

21.07.2012, 18:30
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անցած նախագահական ընտրությունների մակարդակը վկայում է անկախ պետականություն կառուցելու գործընթացի անդառնալիության մասին, ասվում է ԼՂՀ ԱԳՆ հայտարարությունում։
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 հուլիսի. /ԱՌԿԱ/. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անցած նախագահական ընտրությունների մակարդակը վկայում է անկախ պետականություն կառուցելու գործընթացի անդառնալիության մասին, ասվում է ԼՂՀ ԱԳՆ հայտարարությունում։
«ԼՂՀ ընտրությունների մակարդակը համեմատելի է առաջատար ժողովրդավարական երկրներում անցկացվող ընտրությունների հետ և վկայում է ինքնիշխան և անկախ պետականություն կառուցելու գործընթացի անդառնալիության, մեր ժողովրդի՝ ազատության, ժողովրդավարության և խաղաղ ստեղծագործելու իդեալներին հավատարիմ լինելու մասին»,- ասվում է հայտարարությունում։

Արցախի ԱԳՆ-ից նշեցին, որ կայացած ընտրությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին 1991 թվականի անկախության հանրաքվեում ընտրված ուղու ճշմարտացիությունը։

«Յուրաքանչյուր ընտրության հետ ԼՂՀ-ն արտահայտում է այդ ուղին շարունակելու ամուր կամք, և դեպի անցյալ վերադառնալու մասին խոսք լինել չի կարող։ Այդ առիթով անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ ընտրություններին մասնակցությունը և արդար ու ազատ ընտրությունների միջոցով իշխանության մարմինների ձևավորումը միջազգային իրավունքով ամրագրված հիմնարար իրավունքներից մեկն է, իսկ դրանց անտեսումն ու չճանաչումը դրա կոպիտ խախտում է»,- նշվում է փաստաթղթում։

Ղարաբաղի արտգործանախարարությունից նշեցին, որ այն շահարկումները, թե ԼՂՀ ընտրությունները կարող են խանգարել ադրբեջանաղարաբաղյան հակամարատության կարգավորմանը, անհիմն են և քարոզչական նպատակներ ունեն։
 
«Հակամարտության կարգավորման մեջ որոշիչը ԼՂՀ ժողովրդի կամքն է, ինչն ամբողջովին ճանաչվում է միջազգային հանրության և միջնորդների կողմից։ Ժողովրդի իշխանության զարգացումը ԼՂՀ-ի պետության կառուցման հիմքն է և համապատասխանում է քաղաքակիրթ համաշխարհային հանրության շահերին»,- ընդգծվում է հայտարարությունում։

Այդ պատճառով, նշել են ԱԳՆ-ից, կայացած ընտրությունների նկատմամբ վերաբերմունքը «չի կարող պայմանավոևված լինել պաշտոնական Բաքվի քմահաճույքների նկատմամբ հարմարվողականություն դրսևորող քաղաքական որոշ շրջանակների սուբյեկտիվ կարծիքով»։
Հայտարարությունում նշվում է, որ ընտրություններին հետևել են ինչպես 22 երկրների միջազգային դիտորդներ, այնպես էլ քաղաքացիական հասարակության և քաղաքական կուսակցությունների տեղական ներկայացուցիչներ։

«Միջազգային դիտորդների նախնական տվյալներով` ընտրություններն անցել են ժողովրդավարական չափանիշների պահպանմամբ և մի քանի թեկնածուների մասնակցությամբ, ապահովելով, այդպիսով, հանրապետության քաղաքացիների ազատ կամարտահայտություն»,- նշվում է փաստաթղթում։
 
Հինգշաբթի Ղարաբաղում կայացած նախագահական ընտրությունների ժամանակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ձայների 66,70 տոկոսն է ստացել: Ընտրողների մասնակցությունը կազմել է 73,43 տոկոս։ Ընտրություններին հետևել է ավելի քան 60 դիտորդ Ռուսաստանից, Հայաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Կանադայից, Իռլանդիայից, Լեհաստանից, Կիպրոսից, Գերմանիայից, Բելգիայից, Իսրայելից, Չեխիայից, Հունգարիայից, Ավստրիայից, Բուլղարիայից, Աբխազիայից, Հարավային Օսեթիայից, Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետությունից։ Հանրապետության քաղաքական կյանքի կարևորագույն իրադարձության լուսաբանման համար ժամանել են տասնյակ լրագրողներ Հայաստանից և արտերկրից։

ՌԴ դիտորդները բարձր գնահատեցին ընտրությունները` նշելով, որ դրանք անցկացվել են քաղաքական պայքարի շրջանակներում։ Նրանք ընտրության օրը լուրջ ընտրախախտումներ չեն արձանագրել, իսկ տեղ գտած որոշ թերությունները, նրանց խոսքով, տեխնիկական բնույթ են կրել։
Ընտրություններին երեք թեկնածուների մասնակցությունը, ռուս դիտորդների խոսքով, խոսում է նրա մասին, որ ԼՂՀն-ն ամուր կանգնած է ժողովրդավարության զարգացման և ամրապնդման, քաղաքացիական հասարակության ձևավորման ճանապարհին։ Իսկ ընտրություններին հասարակության ակտիվ մասնակցությունը վկայում է բնակչության` ժողովրդավարություն կառուցելու շահագրգռվածության մասին։
Ռուս դիտորդները կարևորեցին ընտրությունների դերը ղարաբաղյան կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային գործընթացում։ -0-