ԼՂՀ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը քննարկել են ՀՀ ՊՆ և ԵԱՀԿ բարձրաստիճան պաշտոնյաները
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի. /ԱՌԿԱ/. ԼՂ հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը և հնարավոր զարգացումներին առնչվող հարցեր են քննարկվել մայիսի 12-ին ԵԱՀԿ գերմանական նախագահության հարցերով հատուկ ներկայացուցչի գրասենյակի պետ Թոմաս Լենկի հետ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հանդիպման ընթացքում, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Հանդիպմանը ներկա էր նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:
Ինչպես նշվում է հաղորդագրությունում, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը Թոմաս Լենկին ներկայացրել է ապրիլի սկզբին ԼՂՀ-ի դեմ Ադրբեջանի սանձազերծած մարտական գործողությունների, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին ներկայումս տիրող իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն:
Դավիթ Տոնոյանը զրուցակցի ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքին, որ մայիսի 11-ին ԵԱՀԿ առաքելության կողմից Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի Թալիշ գյուղի հյուսիս-արեւմտյան ուղղությամբ դիտարկումն անցկացնելուց ժամեր անց ադրբեջանական զինուժի կողմից արձակված կրակոցից նույն վայրում սպանվել է ՊԲ զինծառայող:
Վերոնշյալ պատահարը ցույց է տալիս, որ ԵԱՀԿ-ի կողմից ներկայիս ձևաչափով իրականացվող դիտարկումներն արդյունավետ չեն և Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել հրադադարը:
Շեշտվել է, որ շփման գծում հետաքննության միջազգային մեխանիզմների ներդրումը նմանատիպ միջադեպերի կանխարգելման արդյունավետ գրավականներից է:
Անդրադարձ է կատարվել նաև Ադրբեջանի կողմից տարածվող այն տեղեկատվությանը, թե իբր հայկական կողմը օգտագործել է սպիտակ ֆոսֆորային արկ:
«Վերոնշյալ տեղեկատվության շրջանառության մեջ հայտնվելը ևս մեկ անգամ փաստում է շփման գծում հետաքննության միջազգային մեխանիզմների անհրաժեշտության մասին` նմանատիպ ապատեղեկատվության տարածումը կանխելու համար»,– նշվում է հաղորդման մեջ։
Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղաադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։-0-