Խաղաղությունը և կայունությունը տարածաշրջանում հնարավոր են միայն հայ-թուրքական բանակցության ճանապարհով. Լեհաստանի դեսպան
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի. /ԱՌԿԱ/. Խաղաղությունը և կայունությունը տարածաշրջանում հնարավոր են միայն Հայաստանի և Անկարայի միջև բանակցության և հաշտեցման ճանապարհով, հինգշաբթի լրագրողներին ասաց Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելելուց հետո։
«Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի` Թուրքիայի հետ երկխոսություն սկսելու նախաձեռնությունը։ Նա քաղաքական հեռատեսություն և արիություն ցուցաբերեց։ Երկխոսությունը դեռևս սառեցված է, սակայն մենք խորապես համոզված ենք, որ դա միայն ժամանակի հարց է», - ասել է Ռաչինսկին։
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսվել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ 2008թ.-ի աշնանը: Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»:Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանային երկու երկրների խորհրդարանների կողմից: Սակայն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 2010 թ.–ի ապրիլի 22-ի իր հրամանագրով կասեցրել է երկրի խորհրդարանում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ընթացակարգը՝ հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսված գործընթացը: Արձանագրությունների վավերացման հարցը սառեցված վիճակում է։
Նա միաժամանակ ընդգծեց, որ Լեհաստանը քաղաքական գնահատական է տվել հայ ժողովրդի` 20-րդ դարասկզբի ողբերգությանը։
Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
13:00 24.04.2014