Մինչև 2015թ.–ի աշուն շահագործման կհանձնեն կառավարության նոր շենքը
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Մինչև 2015 թվականի աշուն շահագործման կհանձնվի կառավարության` Երևանի կենտրոնում գտնվող նոր համալիրը, ուրբաթ լրագրողներին հայտնեց Հայաստանի կառավարությանն առընթեր Ճարտարապետության պետական կոմիտեի նախագահ, Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը։
«Այս տարվա աշնանն արտաքին աշխատանքները կավարտվեն, ձմռանը կսկսվեն շենքի ներքին հարդարման աշխատանքները, իսկ ամբողջ համալիրը շահագործման կհանձնվի հաջորդ տարվա աշնանը»,– ասաց Սարգսյանը։
Նա հիշեցրեց, որ 29 հազար քառակուսի մետր ընդհանուր մակերեսով կառավարական համալիրում կտեղավորվեն երեք պետական գերատեսչություններ` Արտաքին գործերի նախարարությունը, Արդարադատության նախարարությունը և Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը։ Միաժամանակ, յուրաքանչյուր գերատեսչություն կտեղավորվի սեփական մուտքով առանձին շենքում։
Ըստ նրա, համալիրը զինված կլինի ժամանակակից սարքավորումներով և տեխնիկապես հագեցված կլինի, այդ թվում` ջեռուցման և օդորակման գերժամանակակից համակարգերով։ Երեսպատման համար օգտագործվել են տեղական շինանյութեր, իսկ դիմերեսի քարը ներկրվել է Արցախից։
Շենքում կլինեն նաև ստորգետնյա և վերգետնյա կայանատեղիներ` նախատեսված մոտ 200 ավտոմեքենաների համար։ Հետագայում համալիրի հարակից տարածքում նախատեսվում է կառուցել նույնքան թվով մեքենաների համար նախաըեսված վերգետնյա կայանատեղի։
Սարգյանը նշեց նաև, որ համալիրի ետնամասում արդեն սկսվել է ևս մեկ վարչական շենքի շինարարություն, որում հետագայում կտեղակայվեն Տարածքային կառավարման և Սփյուռքի նախարարությունները։ Բոլոր աշխատանքներն իրականացնում է «Սպիտակ տնակ» շինարարական ընկերությունը։
Նա նշեց, որ համալիրի կառուցման ծախսերն այս պահին կազմում են 27 մլն դոլարին համարժեք դրամ, ավելացնելով, որ Տարածքային կառավարման և Սփյուռքի նախարարությունների համար նախատեսվող շենքի շինարարությանը կպահանջվի ևս 3-4 մլն դոլար։
Երևանի կենտրոնում` Հանրապետության Հրապարակում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարարության շենքը 51 270 840 ԱՄՆ-ի դոլարին համարժեք ՀՀ դրամով վաճառվել է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տանգո» ՓԲԸ-ին։
Էդուարդո Էռնեկյանին է պատկանում «Արմենիա-Միջազգային օդանավակայաններ» ընկերությունը, որը շահագործում է «Զվարթնոց» երևանյան օդանավակայանը: Ձեռնարկատերը Հայաստանում խոշոր նախագծեր է իրականացնում գյուղատնտեսության բնագավառում, նրան է պատկանում նաև հայկական «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ն: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
17:48 14.03.2014