«Թող պարոն Լավրովը չմիջամտի ՀՀ ներքին գործերին և ներքին քաղաքականությանը». Միրզոյան
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կոչ է արել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին չմիջամտել երկրի ներքին գործերին։
Մասնավորապես, Լավրովը հայտարարել է, որ «այն, ինչ տեղի է ունենում ՀՀ-ում, մեր հարևանների ներքին գործն է, բայց, իհարկե, Հայ Առաքելական հազարամյա Եկեղեցու վրա հարձակումները լուրջ մտահոգության առիթ են, և ես իսկապես չեմ ուզում, որ այս եկեղեցին ենթարկվի անհիմն հարձակումների, ըստ էության՝ առանց որևէ լուրջ հիմնավորման»։
«Սա իրավական գործընթաց է և ՀՀ-ի ներքին հարցն է, թող պարոն Լավրովը չմիջամտի ՀՀ-ի ներքին գործերին և ներքին քաղաքականությանը», - ասաց Միրզոյանը ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալլասի հետ համատեղ երկուշաբթի տեղի ունեցած մամուլի ասուլիսում։
Նրա խոսքով՝ Լավրովի տեղեկատվությունը սխալ է և ոչ լիարժեք։
«Եթե չեմ սխալվում, պարոն Լավրովը օգտագործել է «իշխանությունների պայքարը եկեղեցու դեմ» ձևակերպումը։ Լավրովի տեղեկատվությունը բացարձակապես իրականությանը չի համապատասխանում։ Հայաստանում եկեղեցու դեմ մղվող իշխանությունների պայքար չկա։ Այն, ինչ պարոն Լավրովը նկատի ունի, ամենայն հավանականությամբ, վերաբերում է մի շարք եկեղեցական գործիչների միջամտությանը կամ մասնակցությանը երկրի քաղաքական գործընթացներին», - ասաց Միրզոյանը։
Երկու արքեպիսկոպոսների կալանավորման մասին
Հունիսի 26-ին ՀՀ Քննչական կոմիտեն հայտնեց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդներից և մասնակիցներից 15 անձի կալանավորման մասին, որոնք ահաբեկչական հարձակումներ կազմակերպելու և երկրում իշխանությունը զավթելու վերաբերյալ քրեական գործով մեղադրյալներ են։
Կալանավորված են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը, ևս երկու հոգևորականներ՝ Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Դավիթ Գալստյանը, գնդապետ Միհրան Մախսուդյանը և ՀՅԴ անդամ Իգոր Սարգսյանը։
Հաջորդ օրը հայտնի դարձավ, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դեմ քրեական գործ է հարուցվել։ Նրան ձերբակալելու համար ԱԱԾ աշխատակիցներ բերվեցին Էջմիածին։ Անվտանգության աշխատակիցների, հավաքված հավատացյալների ու հոգևորականների միջև բախումներ տեղի ունեցան։ Այնուհետև Աջապահյանը ինքնակամ մեկնեց Երևան՝ Քննչական կոմիտե, որտեղ էլ նրան ձերբակալեցին։
Հունիսի 28-ի վաղ առավոտյան դատարանը նրա նկատմամբ երկամսյա կալանք է նշանակել։ Արքեպիսկոպոսը չի ընդունում մեղադրանքները, նրա փաստաբանները մտադիր են բողոքարկել որոշումը։