Վերջին 10 օրվա ընթացքում ադրբեջանական կողմն ունի առնվազն 8 զոհ. Վիգեն Սարգսյան
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը չորեքշաբթի հանդիպեց լրագրողների հետ։
Նա համոզմունք հայտնեց, որ լայնամասշտաբ պատերազմ չի սկսվի, քանի որ Ղարաբաղի հարցը պատերազմով չի լուծվի, ավելացնելով, որ Ադրբեջանի համար պատերազմն անդառնալի հետևանքներ կունենա նաև տնտեսական առումով։
«Չկա որևէ զարգացում, որով Ղարաբաղի հարցը կարող է լուծվել հօգուտ Ադրբեջանի, բայց դա չի բացառում էսկալացիայի, տարբեր սադրանքների, թիրախային հարված հասցնելու հնարավորությունը»,- ընդգծեց նախարարը։
Լրագրողների այն հարցին, թե հակառակորդի վերջին նախահարձակ գործողություններից հետո ինչպիսի պատժիչ գործողություններ են իրականացվել, Սարգսյանը հայտնեց, որ հաստատված տվյալներով, վերջին 10 օրվա ընթացքում ադրբեջանական կողմն ունի առնվազն 8 զոհ։
«Սա միայն հաստատված տվյալների մասին է խոսքը, ունենք դիտարկման արդյունք, բայց չունենք ապացույց։ Այդ 8 զոհերը դեռևս հուղարկավորված չեն, ու ադրբեջանական մամուլում այդ մասին դեռևս ոչ մի լուր չկա», - նշեց նախարարը։ -0-