Վիեննայում հայկական կողմը փորձեց պարզել, թե կա, արդյո՞ք, ղարաբաղյան խնդրի այլ ելք, քան պատերազմը. ՀՀ նախագահ
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայկական պատվիրակությունը մեկնել էր Վիեննա` պարզելու համար, թե կա, արդյո՞ք, ղարաբաղյան խնդրի լուծման համար այլ ելք, քան պատերազմը, լրագրողներին ասաց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։
Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը կայացել է նախօրեի երեկոյան Ավստրիայի մայրաքաղաքում Ռուսաստանի և ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի և Ջոն Քերիի, Ֆրանսիայի եվրոպական գործերի պետնախարար Արլեմ Դեզիղի, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդի, Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Պիեր Անդրիեի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ։
«Յուրաքանչյուր կողմ, գնալով հանդիպման, ունի սեփական նպատակները։ Ակնհայտ էր, որ համանախագահներն ունեին իրենց նպատակները, ադրբեջանական կողմը` իր նպատակները, մենք` մեր նպատակները։ Մեր նպատակն էր` պարզել, թե արդյո՞ք, բանակցություններն իրականում մտել են փակուղի, և այլ ելք, քան պատերազմեկը, չկա, թե՞ մենք, այնուամենայնիվ, կարող ենք լուծել խնդիրը քիչ կորուստներով»,– ասաց Սարգսյանը։
Նախագահն ավելացրեց, որ ընդհանուր առմամբ ինքը և իր գործընկերները բավարարված են հանդիպումից։
Ըստ նրա, անհրաժեշտություն չկա անդրադառնալ մանրամասներին, ելնելով մի շարք հանգամանքներից, այնուամենայնիվ, Ադրբեջանի նախագահը հավաստիացրեց, որ իր երկիրը և ինքն անձամբ նպատակ չունի պատերազմական գործողություններով հասնել խնդրի ինչ–որ մի լուծման։
«Դուք լավ հասկանում եք և նույնիսկ` կանխատեսում եք իմ արձագանքը, որը հետևյալն է` դա շատ լավ է, բայց քիչ հավատ է ներշնչում։ Այդպիսի խոսակցություններ եղել են բազմիցս, բայց իրականում մի քանի տարի է, որ պայմանավորվածությունը չի պահպանվում»,– ասաց նախագահը։
«Բայց մենք իրավունք չունենք միայն մեր ենթադրություններով կամ կանխատեսումներով առաջնորդվելու, որովհետև պատերազմը լավագույն լուծումը չէ։ Ուստի կտեսնենք, թե իրադարձություններն ինչպես կզարգանան, բոլոր պարագաներում մենք պատրաստ ենք ցանկացած ելքի, իհարկե, մեր ցանկությունն է, որ այդ ելքը լինի խաղաղ ճանապարհով»,– ավելացրեց նա։
Սարգսյանը հաստատեց, որ որոշ ժամանակ հետո ճիշտ կլինի հանդիպել, և հայկական կողմը կառուցողական առաջարկություն արեց, քանի որ խոսքը գնում էր հրադադարի ռեժիմը հաստատելու ուղղությամբ մոնիթորինգի իրականացմանը, առաջարկվեց, որ մոնիթորինգը հաստատվի նախքան երկու նախագահների հանդիպումը։
«Կարծում եմ, դա կառուցողական մոտեցում կլինի երկու կողմերից»,– ասաց Սարգսյանը։ -0-