Մշակվել են Վրաստանում օտարերկրացիների գտնվելու նոր կանոնները

Մշակվել են Վրաստանում օտարերկրացիների գտնվելու նոր կանոնները

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի. /ԱՌԿԱ/. «Օտարերկրացիների և առանց քաղաքացիության անձանց իրավական դրության մասին» նոր օրենքն ուժի մեջ կմտնի Վրաստանում սեպտեմբերի 1–ից, հուլիսի 25–ին լրագրողներին հայտնել է ԱԳՆ հյուպատոսական դեպարտամենտի ղեկավար Գեորգի Տաբատաձեն։

«Սեպտեմբերի 1–ից ուժի մեջ են մտնում նոր կարգավորումներ, որոնք վերաբերում են բոլոր օտարերկրացիներին` այն երկրների քաղաքացիներին, որոնց հետ Վրաստանում գործում է և առանց մուտքի արտոնագրի, և արտոնագրային ռեժիմ։ Մշակվել է Վրաստանում գտնվելու միասնական համակարգ»,– ասել է Տաբատաձեն, հաղորդում է «Նովոստի–Գռուզիան»։

Այն երկրներին, որոնց վրա տարածվում է արտոնագրային ռեժիմը, Վրաստանը 180 օրվա գործողությամբ բազմակի վիզաներ կտրամադրի` երկրում այդ ընթացքում 90 օր մնալու իրավունքով։ Նույն սկզբունքը, Տաբատաձեի խոսքով, գործում է Շենգենյան գոտում։

Ուսման, աշխատանքի կամ ընտանիքի վերամիավորման նպատակով Վրաստան մեկնող օտարերկրացիները պետք է ավելի երկար ժամանակով մնալու իրավունքի  համապատասխան արտոնագիր ստանան բնակության երկրի վրացական դեսպանությունում։ Միաժամանակ կգործի բնակության թույլտվությունների տրամադրման պրակտիկա։

Առանց մուտքի արտոնագրի ռեժիմի դեպքում, որը Վրաստանում գործում է եվրոպական երկրների, ՆԱՏՕ–ի և ԱՊՀ երկրների համար, ինչպես նաև «Վրաստանի կարևոր գործընկերների և այն երկրների, որոնց հետ ստորագրված են երկկողմ կամ բազմակողմանի համաձայնագրեր», այդ երկրների քաղաքացիները կարող են մնալ Վրաստանում ընդհանուր առմամբ 90 օր` կես տարվա ընթացքում։

Այսօր գործող օրենքի համաձայն` Վրաստանում առանց մուտքի արտոնագրի մնալու առավելագույն ժամկետն օտարերկրացիների համար կազմում է 360 օր։

Առաջիկայում Վրաստանի ԱԳՆ–ն խոստանում է հրապարակել այն երկրի ցուցակները, որոնց հետ գործում է արտոնագրային և առանց արտոնագրի ռեժիմ։

«Վրաստանի պետության` սեփական միգրացիոն քաղաքականությունը կարգավորելու և ավելի արդյունավետ դարձնելու որոշումն ուղղված չէ ինչ–որ պետության դեմ։ Այսինքն, դա ընդհանուր մոտեցում է արտասահմանյան պետությունների բոլոր քաղաքացիների նկատմամբ... Նոր մոտեցումը կծառայի միգրացիոն քաղաքականության բարելավմանը, միգրացիոն հոսքերի անարգել կառավարմանը»,– նշել է Տաբատաձեն։

Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և միջազգային կազմակերպությունների հետ տվյալ հարցին նվիրված հանդիպումը կայացել է ուրբաթ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում։

«Մենք դիվանագիտական կորպուսին տեղեկություն ենք տրամադրել, որ նրանք այդ տեղեկությունը ներկայացնեն իրենց երկրների համապատասխան գերատեսչություններին, և այդ մասին իմանան նրանց երկրների քաղաքացիները»,– ասել է Տաբատաձեն հանդիպումից հետո։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

14:23 30.07.2014




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×