Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 13, կիրակի
եղանակը
Երևանում
+37

Հայ խաղաղապահները Լիբանանում տեղակայման վայր են ժամանել

27.11.2014, 12:47
Հայ խաղաղապահների 32 հոգանոց ստորաբաժանումը ժամանել է Լիբանանում տեղակայման վայր, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Հայ խաղաղապահները Լիբանանում տեղակայման վայր են ժամանել
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայ խաղաղապահների 32 հոգանոց ստորաբաժանումը ժամանել է Լիբանանում տեղակայման վայր, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ Խաղաղապահները Լիբանան են մեկնել Իտալիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռով։ Հայկական խաղաղապահ ստորաբաժանումն իտալական զորախմբի կազմում մասնակցելու է ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող «Լիբանանում Միացյալ ազգերի կազմակերպության ժամանակավոր ուժեր» (ՅՈՒՆԻՖԻԼ) առաքելությանը և իրականացնելու է ՄԱԿ-ի զինավանի անվտանգության ապահովում: Նախօրեին ուշ երեկոյան զինվորականներին օդանավակայանում ճանապարհել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջիովաննի Ռիչուլին: Հայ խաղաղապահները 2004 թվականից ընդգրկված են միջազգային խաղաղապահ առաքելություններում և ներկայումս առաքելություն են իրականացնում ևս երկու երկրում` Աֆղանստանում և Կոսովոյում: ՀՀ ԱԺ–ն հոկտեմբերի 1–ին վավերացրել է Հայաստանի և Իտալիայի պաշտպանության նախարարությունների միջև ստորագրված տեխնիկական համաձայնագիրը` Լիբանանում ՄԱԿ–ի ժամանակավոր ուժերի շրջանակում իրականացվող համագործակցության և աջակցության մասին` ՄԱԿ–ի ԱԽ–ի 1978 թ.–ի մարտի 19–ի բանաձևին համապատասխան։ ՄԱԿ–ի ժամանակավոր ուժերը տեղակայված են Իսրայելի հետ սահմանին։ Հայ խաղաղապահները ծառայելու են Լիբանանի հարավում գտնվող Շալմա, Իտալբատ և Ալ Մանսուրի բնակավայրերում։ Նրանց կազմը փոխվելու է 6 ամիսը մեկ անգամ։ Լիբանանը մեծ հայկական համայնք ունի (ավելի քան 100 հազար մարդ)։ Հայերը հիմնականում բնակվում են Բեյրութում և մերձակա շրջաններում, ինչպես նաև Մեթն և Զահլե շրջաններում։–0–