Рейтинг@Mail.ru
USD
389.25
EUR
439.39
RUB
4.7251
GEL
141.96
2025 թ. մայիսի 12, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+19

ԵՄ դոնոր երկրների համաժողովը կարևոր է Հայաստանում նախատեսված բարեփոխումների իրականացման համար. Բաղդասարյան

15.04.2013, 15:12
2013թ.–ին Եվրամիության դոնոր երկրների համաժողովի անցկացումը կարևոր է Հայաստանում նախատեսված բարեփոխումների իրականացման համար, կարծում է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, եվրոպական կառույցների հետ Հայաստանի պետական մարմինների համագործակցության համակարգման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը։
ԵՄ դոնոր երկրների համաժողովը կարևոր է Հայաստանում նախատեսված բարեփոխումների իրականացման համար. Բաղդասարյան
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի. /ԱՌԿԱ/. 2013թ.–ին Եվրամիության դոնոր երկրների համաժողովի անցկացումը կարևոր է Հայաստանում նախատեսված բարեփոխումների իրականացման համար, կարծում է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, եվրոպական կառույցների հետ Հայաստանի պետական մարմինների համագործակցության համակարգման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը։

«Կարևոր եմ համարում այս տարի դոնորների համաժողովի անցկացումը, որը թույլ կտա Հայաստանին լրացուցիչ ֆինանսական և տեխնիկական օգնություն ցուցաբերել, ինչը կօգնի վերջնականապես կյանքի կոչել նախատեսված փոփոխությունները, և այդ կապակցությամբ մենք սերտորեն համագործակցում ենք մեր եվրոպացի գործընկերների հետ»,– Եվրամիության խորհրդատվական խմբի նիստի ժամանակ հայտնեց նա։

ՀՀ ԱԺ 2012թ. մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններից առաջ ԵՄ-ն պաշտոնապես խոստացավ, որ եթե ընտրություններն անցնեն եվրոպական չափանիշներին համապատասխան, ԵՄ-ն կկազմակերպի դոնոր երկրների համաժողով՝ Հայաստանին ֆինանսական օժանդակություն ցուցաբերելու համար։ Խոսքը մոտ 1,5 մլրդ եվրոյի մասին էր:

Ավելի ուշ Եվրոպական Միության ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի մամուլի քարտուղար Փիթեր Սթանոնը «Ազատություն Ռադիոյի» հայկական ծառայությանը տեղեկացրել էր, որ «Եվրամիությունը դեռ հետաձգում է խոստացած համաժողովը` նշելով, որ խորհրդարանական ընտրություններն ամբողջովին չեն արդարացրել սպասելիքները, իսկ Բրյուսելում սպասում են 2013թ.–ի նախագահական ընտրություններին», որոնք տեղի են ունեցել փետրվարի 18–ին։

ՀՀ ԱԳՆ–ն իր հերթին հաստատում է, որ դոնոր երկրների համաժողովը հետաձգվել է կազմակերպչական պատճառներով։

Եվրոպացի դիտորդների գնահատականի համաձայն՝ ընդհանուր առմամբ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում կազմակերպվել և անցկացվել են պրոֆեսիոնալ կերպով և արդյունավետ: Սակայն նրանք նաև հայտարարել էին, որ ընտրությունների օրը նկատել են հայկական օրենսդրության և միջազգային պարտավորությունների խախտումներ:

Միաժամանակ Եվրամիությունը Հայաստանի իշխանություններին կոչ է արել մինչև հաջորդ տարվա ընտրություններն առաջնահերթ համարել ԵԱՀԿ.ԺՀՄԻԳ դիտորդների արձանագրած բացթողումների շտկումը:

Նիստին մասնակցեցին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան, Հայաստանում ՄԱԿ–ի զարգացման ծրագրի նորանշանակ մշտական ներկայացուցիչ, ՄԱԿ–ի մշտական համակարգող Բրեդլի Բուսետոն, Հայաստանում հավատարմագրված ԵՄ երկրների դեսպանները, եվրակառույցների, հանրապետության պետական գերատեսչությունների ներկայացուցիչները։ –0–