Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 22, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+27

Երևանի Ավագանու ընտրություններին ընտրատեղամասերն աշխատում են նորմալ ռեժիմով. ԿԸՀ

05.05.2013, 11:00
Երևանի ժամանակով ժամը 08.00–ին բացված բոլոր 464 ընտրատեղամասերն աշխատում են նորմալ ռեժիմով, ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։
Երևանի Ավագանու ընտրություններին ընտրատեղամասերն աշխատում են նորմալ ռեժիմով. ԿԸՀ
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի. /ԱՌԿԱ/. Երևանի ժամանակով ժամը 08.00–ին բացված բոլոր 464 ընտրատեղամասերն աշխատում են նորմալ ռեժիմով, ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։

Երևանի Ավագանու ընտրություններն անցկացվում են մայիսի 5–ին։ Քվեարկությունը կտևի մինչև ժամը 20.00–ը։ Ընտրացուցակներում ներառված է 816475 մարդ։

«Ընտրատեղամասերում արդեն կան քվեարկողներ, և ոչ մի խնդիր չի գրանցվել»,– ասաց Մուկուչյանը։

Նա տեղեկացրեց, որ ընտրական հանձնաժողովների կազմում ընդգրկված է 3712 մարդ, այդ թվում Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցություններից մեկական ներկայացուցիչ և տարածքային ընտրական հանձնաժողովների կողմից նշանակված երկուական մարդ։

«Ընտրատեղամասեր չեն ներկայացել հանձանաժողովի 12 անդամներ, այդ պատճառով ընդհանուր առմամբ ընտրատեղամասերում կաշխատի 3700 մարդ»,– ասաց նա` ավելացնելով, որ բացականերից երկուսը ընտրատեղամասերի քարտուղարներն են և ներկայացնում են «Ժառանգություն» կուսակցությունը։

ԿԸՀ ղեկավարը նշեց նաև, որ որպես դիտորդ ընտրատեղամասերում ներկա են 26 հասարակական կազմակերպությունների 6613 ներկայացուցիչներ։

«Միջազգային դիտորդների թվից ընտրություններին ներկա են Եվրախորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի 12 ներկայացուցիչներ»,– ասաց նա։

Մուկուչյանը տեղեկացրեց նաև, որ ընտրական հանձնաժողովների անդամների համար նախատեսված սեմինարների շրջանակներում և կուսակցությունների լիազոր անդամների ներկայությամբ անձնագրերի դրոշմակնիքների թանաքի փորձաքննություն է անցկացվել, ինչպես նաև կոչ արեց ընտրողներին չփորձել ջնջել դրոշմակնիքները տարբեր միջոցներով, օրինակ` թաց անձեռոցիկով։

«Այդպիսով քաղաքացիները կարող են փչացնել իրենց անձնագրերը, ինչն  անթույլատրելի է»,– ընդգծեց ԿԸՀ ղեկավարը։
2012թ.–ի մայիսի 6–ի խորհրդարանական ընտրությունների և 2013թ.–ի փետրվարի 18–ի նախագահական ընտրությունների ժամանակ ընտրողները բողոքում էին, որ իրենց անձնագրերում դրված դրոշմակնիքները շուտ են անհետանում։

Ընտրություններին մասնակցելու համար գրանցված են «Առաքելություն», «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես», «Օրինաց Երկիր», Հայաստանի հանրապետական կուսակցության, Դաշնակցության, ինչպես նաև «Բարև, Երևան» կուսակցական դաշինքի ցուցակները։
Հայաստանի հանրապետական կուսակցության (195 թեկնածու) գլխավորում է մայրաքաղաքի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Իշխող կոալիցիայում ՀՀԿ–ի կրտսեր գործընկեր «Օրինաց Երկիր» կուսակցության ցուցակը (105 թեկնածու) գլխավորում է ՀՀ ԱԻՆ ղեկավար Արմեն Երիցյանը։ ԲՀԿ–ի ցուցակը (194 թեկնածու) գլխավորում է ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար Վարդան Օսկանյանը։ Ընդդիմադիր ՀԱԿ–ի ցուցակը (42 թեկնածու)` Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը, ընդդիմադիր ՀՅԴ (65 մարդ)` կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, «Բարև, Երևան» ընդդիմադիր դաշինքինը (64 թեկնածու)` «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։ «Առաքելություն» կուսակցության ցուցակը (29 թեկնածու) գլխավորում է տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը։

Ավագանու խորհուրդը բաղկացած է 65 անդամից, ովքեր ընտրվում են բացառապես կուսակցական ցուցակներով։ Եթե կուսակցությունը կամ կուսակցական դաշինքը հավաքում է ձայների ավելի քան 50 տոկոսը, կուսակցական ցուցակի առաջին համարն ավտոմատ կերպով դառնում է Երևանի քաղաքապետ։ Հակառակ դեպքում քաղաքապետին ընտրելու է Ավագանու ընտրված խորհուրդը։ Քաղաքապետի պաշտոնում թեկնածություն առաջադրելու իրավունքը պատկանում է Ավագանու խորհրդի մեջ մտնող խմբակցություններին։ Քաղաքապետն ընտրվում է Խորհրդի անդամների քվեարկությամբ։

Կուսակցությունների համար ընտրական պատնեշը սահմանվել է 6 տոկոս, կուսակցական դաշինքների համար`8 տոկոս մակարդակում։ –0–