Զարուհի Փոստանջյանին կհեռացնեն ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմից
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը կհեռացվի ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմից, հինգշաբթի հայտարարել է ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը։
«Հաշվի առնելով ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի վարքագիծը երեկ ԵԽԽՎ նիստի ընթացքում և խորհրդակցելով Ազգային ժողովի խմբակցությունների հետ`ես մտադիր եմ փոփոխություն կատարել ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության կազմում», – հայտարարել է խոսնակը։
Նրա խոսքով` այս որոշումն ընդունվել է ՀՀ Սահմանադրության 66-րդ հոդվածի համաձայն, պատգամավորն իր պատգամավորական լիազորությունների ժամկետում եւ դրանից հետո չի կարող հետապնդվել եւ պատասխանատվության ենթարկվել պատգամավորի՝ իր կարգավիճակից բխող գործողությունների, այդ թվում՝ Ազգային ժողովում հայտնած կարծիքի համար, եթե այն զրպարտություն կամ վիրավորանք չի պարունակում:
«Նաև ԵԽԽՎ կանոնակարգն է պարունակում մարդկային արժանապատվությունը ոտնահարող արտահայտությունների օգտագործման արգելք», – նշել է նա։
Նախօրեին Փոստանջյանը ԵԽԽՎ նիստի ժամանակ հարցրել է ելույթ ունեցող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, «թե ո՞վ է վճարել եվրոպական խաղատներից մեկում նրա կողմից տանուլ տված 70 մլն եվրոն»։
ՀՀ նախագահն այդ պնդումը հերքել է` հայտարարելով, որ խաղատներ չի այցելում։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
13:36 03.10.2013