Քաղաքապետարանը կսահմանի նոր արտոնություններ տրանսպորտից օգտվելու համար

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Զեղչված սակագներով տոմսեր ձեռք բերելու հնարավորություն է ստեղծվել նաև Երևանի հաշվառում չունեցող թոշակառուների համար։ Երևանում հաշվառման պահանջը կհանվի նաև նպաստառուների համար, հայտարարել է Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն այսօր Ավագանու նիստի ժամանակ։
Նրա խոսքով, նախատեսվում է անվճար երթևեկության իրավունք տալ հաշմանդամություն ունեցող երեխաներին։
«Գործող որոշմամբ նախատեսված է անվճար երթևեկելու հնարավորություն նաև 4 և ավել անչափահաս երեխա ունեցող, Երևանի հաշվառում ունեցող քաղաքացիների համար։ Այս նախագծով առաջարկվում է վերացնել անչափահասության պահանջը և, անկախ երեխաների տարիքից, տրամադրել անվճար երթևեկելու իրավունք», – նշեց Գրիգորյանը։
Միասնական տոմսային համակարգի մասին
Փետրվարի 1–ից Երևանում ամբողջությամբ գործարկվել է տրանսպորտի միասնական տոմսային համակարգը, որի շրջանակում մեկ ուղևորության արժեքը դարձել է 150 դրամ։
Գործում են հետևյալ սակագնային փաթեթները․
- 150 դրամ – մեկանգամյա ուղետոմս/1 ուղևորություն (ակտիվացման ժամկետ՝ 3 օր)
- 280 դրամ – «90 րոպե» փաթեթ/3 ուղևորություն (ի դեպ քաղաքապետարանից հայտնել էին, որ փետրվարի 11–ի նիստում 90 րոպեն կերկարաձգվի և կդառնա 180 րոպե), (TelCell դրամապանակում նշված է՝ մեկ վավերացում նույն վալիդատորի վրա մեկ ժամվա ընթացքում, ակտիվացման ժամկետ՝ 10 օր)
- 1500 դրամ – «Multi» փաթեթ/10 ուղևորություն (TelCell դրամապանակում նշված է` ակտիվացման ժամկետ՝ 30 օր, վավերացման ժամկետ՝ 30 օր)
- 880 դրամ – 1 օր/8 ուղևորություն (TelCell դրամապանակում նշված է՝ մեկ վավերացում նույն վալիդատորի վրա մեկ ժամվա ընթացքում, ակտիվացման ժամկետ՝ 10 օր)
- 4800 դրամ – 1 շաբաթ/30 ուղևորություն
- 8800 դրամ – 1 ամիս/ անսահմանափակ (TelCell դրամապանակում նշված է՝ մեկ վավերացում նույն վալիդատորի վրա մեկ ժամվա ընթացքում)
- 23600 դրամ – 3 ամիս/անսահմանափակ (TelCell դրամապանակում նշված է՝ մեկ վավերացում նույն վալիդատորի վրա մեկ ժամվա ընթացքում)
- 88 000 դրամ – 1 տարի/անսահմանափակ (TelCell դրամապանակում նշված է՝ մեկ վավերացում նույն վալիդատորի վրա մեկ ժամվա ընթացքում)
- 480 դրամ – «Զվարթնոց» օդանավակայան (մեկ ուղղությամբ)/1 ուղևորություն
Ի դեպ քաղաքապետարանից նաև հայտնել էին, որ անսահմանափակ փաթեթների երկարացում է նախատեսված։ 2025 թվականի հունվարի 1-ից մինչև փետրվարի 28-ը ներառյալ՝ անսահմանափակ երթևեկություն ապահովող փաթեթներ գնելու դեպքում յուրաքանչյուր փաթեթին կտրամադրվի լրացուցիչ 30 օր օգտագործման հնարավորություն։
Արտոնությունների մասին
2025 թվականի հունվարի 1-ից արտոնություններ են տրամադրվում մինչև 7 տարեկան երեխաներին (անվճար երթևեկություն), 8-ից 18 տարեկան դպրոցականներին (20% զեղչ), 8-18 տարեկան ծնողազուրկ դպրոցականներին (անվճար), 63 տարեկանից բարձր թոշակառուներին (30% զեղչ), Երևան քաղաքում սովորող ուսանողներին՝ անկախ գրանցման վայրից (15% զեղչ), մեկ ծնող կորցրած կամ ծնողազուրկ ուսանողներին (անվճար), 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող անձինք (անվճար), մանկատների և տուն-ինտերնատների սաներին, պետությունից նպաստ և օգնություն ստացող անձանց համար (20% զեղչ), նախկին ԽՍՀՄ հերոսներին, Սոցիալիստական աշխատանքի, Հայաստանի ազգային հերոսներին, Փառքի շքանշանակիրներին (անվճար), 4 և ավելի երեխա ունեցող բազմազավակ ընտանիքների ծնողներին (անվճար):