Երևանում ուսանողները դասադուլ են կազմակերպել տարկետման սահմանափակման դեմ

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Երևանցի ուսանողներն արդեն մի քանի օր է բողոքում են տարկետման սահմանափակման դեմ։
Ուսանողները մասնավորապես դեմ են տարկետման իրավունքի սահմանափակմանը` պնդելով, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրինագիծը խոչընդոտելու է կրթության զարգացմանը։
Նոր օրինագծով առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումնառության նպատակով տարկետում տրամադրել միայն այն դեպքում, եթե Հայաստանում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի, կամ դիպլոմավորված մասնագետի, կամ ինտեգրված կրթական ծրագրով սովորող քաղաքացին պաշտպանության նախարարության հետ կնքում է քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր՝ ուսումնառության ընթացքում ռազմական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու մասին, սակայն այս պարագայում այդ ուսանողները 2-ի փոխարեն կծառայեն 3 տարի ժամկետով։
Հոկտեմբերի 27–ին ՀՀ ԱԺ–ն առաջին ընթերցմամբ ընդունել է օրինագիծը։
Հինգշաբթի ուսանողները բողոքի ակցիա են կազմակերպել ԵՊՀ–ի շենքի առաջ։ «Հանուն գիտության զարգացման» քաղաքացիական նախաձեռնության համակարգող Դավիթ Պետրոսյանը հայտարարելէ , որ իրենց պահանջները չեն փոխվել, և նրանք դեմ են բանակից տարկետման իրավունքի սահմանափակմանը։
Նա նաև հայտարարել է, որ նրանք պաշտպանելու են բոլոր այն դասախոսներին և ամբիոնի վարիչներին, ովքեր աջակցում են իրենց։–0–