Հայտնի են դարձել Ծառուկյանի անվտանգության ղեկավարի ձերբակալման մանրամասները. ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է ԱԺ պատգամավոր և ձեռներեց Գագիկ Ծառուկյանի անվտանգության ղեկավար Էդուարդ Բաբայանի ձերբակալման մանրամասները:
Գերատեսչության հաղորդմամբ, հուլիսի 2-ին ժամը 21-ն անց 30-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է տեղափոխվել 50-ամյա մի տղամարդ։
Ախտորոշվել է պոլիտրավմա՝ կողոսկրի կոտրվածք և այլ վնասվածքներ։
«Հիվանդանոց մեկնած ոստիկանության Մաշտոցի և այլ ստորաբաժանումների ծառայողները օպերատիվ պարզեցին, որ տղամարդը վնասվածքները ստացել է, նախնական տվյալներով՝ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի վարչական շենքում», - նշվում է ոստիկանության հաղորդագրության մեջ:
Դահլիճում արնանման հետքեր են հայտնաբերվել ու վերցվել՝ փորձաքննության համար։
Ըստ տուժողի հաղորդման, նրան հարված է հասցրել Գագիկ Ծառուկյանը, ապա ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Գագիկ Ծառուկյանի անվտանգության ղեկավար 46-ամյա Էդուարդ Բաբայանը, ու ևս մեկ անձ, որի ինքնությունը պարզվում է։
Միջադեպին ներկա են գտնվել Արտակարգ իրավիճակների նախարարը և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը։
Տուժողի խոսքով՝ որդին, ով Ռուսաստանի քաղաքացի է, բռնցքամարտիկ է, աշխարհի չեմպիոն։
Հաղթանակների դիմաց Գագիկ Ծառուկյանը պարգևներ է խոստացել, սակայն որդին Հայաստանի քաղաքացիություն ստանալուց հետո հետախուզվում է՝ ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու մեղադրանքով։
Էդուարդ Բաբայանին հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանության ծառայողները ծավալուն հետախուզական և այլ միջոցառումներ սկսեցին ձեռնարկել, ինչի արդյունքում դեպքից ժամեր անց Բաբայանը ներկայացավ ոստիկանության Մաշտոցի բաժին։
Նա որպես կասկածյալ ձերբակալվել ու տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր։
ՀՀ քննչական կոմտեի հաղորդմամբ, դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը), քննչական բաժնի պետի կողմից նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:-0-