Ինչպե՞ս չգիրանալ ամանորյա տոներին. դիետոլոգի խորհուրդները

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ամանորյա տոների ընթացքում շատերը բախվում են գիրանալու խնդրի հետ։ Այդ օրերին սխալ սննդակարգը հաճախ հանգեցնում է ոչ միայն ավելորդ քաշի, այլ նաև առողջական այլ խնդիրների առաջացմանը։
Էնդոկրինոլոգ–դիետոլոգ Հասմիկ Աբովյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանն է ներկայացրել փոքրիկ խորամանկություններ, որոնք կօգնեն խուսափել այդ խնդիրներից։
1. Չի կարելի քաղցած մնալ տոներից առաջ
«Չգիրանալու համար, առաջին հերթին, չի կարելի քաղցած մնալ տոներից առաջ։ Տոներից մեկ շաբաթ առաջ կարելի է կազմակերպել բեռնաթափման օրեր, որոնց ընթացքում խորհուրդ է տրվում օգտագործել կեֆիր կամ խնձոր։ Բեռնաթափման օրեր կարելի է կազմակերպել միայն այն դեպքում, եթե դա սթրեսային իրավիճակ չի ստեղծում մարդու համար», – ասաց Աբովյանը։
Նա ընդգծեց, որ բռնի կերպով բեռնաթափման օրերի կազմակերպումը կհանգեցնի չափից շատ ուտելուն։
2. Ամանորի գիշերը չի կարելի քաղցած նստել տոնական սեղանի շուրջ
Դիետոլոգի խոսքով` Ամանորի գիշերը սեղան նստելուց առաջ հարկավոր է ուտել։ Իսկ տոնական սեղանին անհրաժեշտ է խուսափել ածխաջրեր պարունակող սննդից։ Կարելի է ուտել մսամթերքից պատրաստված ճաշատեսակներ, առանց մայոնեզի թեթև աղցաններ։
Հարկավոր է չօգտագործել նաև գազավորված ըմպելիքներ։ Քաղցր գազավորված ըմպելիքները պետք է փոխարինել սովորական կամ հանքային ջրով։
3. Հարկավոր է թխվածքն ու քաղցրավենիքը փոխարինել մրգերով և չրերով
«Ամանորի գիշերը տոնական սեղանի շուրջ անհրաժեշտ է խուսափել տարատեսակ քաղցրավենիքներից, եթե դա հնարավոր չէ, ապա կարելի է դրանք փոխարինել բնական չրերով և մրգերով», – նշեց Աբովյանը։
4. Անհրաժեշտ է ժամանակին քնել
Դիետոլոգն ավելացրեց, որ քունը մեծ նշանակություն ունի ինչպես ողջ օրգանիզմի առողջության, այնպես էլ քաշի կարգավորման համար։ Մարդիկ, որոնց քունը կիսատ է մնում, որպես կանոն, սկսում են գիրանալ։
«Իհարկե հիմարություն է խորհուրդ տալ շուտ քնել դեկտեմբերի 31–ին, սակայն կարելի է գոնե հաջորդ օրը ժամանակին քնել», – նշեց դիետոլոգը։
5. Հարկավոր է հնարավորինս քիչ աղ օգտագործել
«Սննդում օգտագործվող աղը նպաստում է այտուցների առաջացմանը, որոնք իրենց հերթին նպաստում են ավելորդ քաշի գոյացմանը։ Հարկավոր է սնունդը մի փոքր անալի անել», – ավելացրեց Աբովյանը։
6. Անհրաժեշտ է չչարաշահել ալկոհոլը
Դիետոլոգը նշեց, որ երեկոյի ընթացքում թույլատրվում է խմել մեկ գավաթ կարմիր գինի։–0–