Рейтинг@Mail.ru
USD
382.12
EUR
443.79
RUB
4.7327
GEL
141.24
2025 թ. նոյեմբերի 15, շաբաթ
եղանակը
Երևանում
+7

Ջրծաղիկ հիվանդության նոր դեպքեր են արձանագրվել հանրապետության գյուղական համայնքներից մեկում

12.03.2015, 19:40
Արարատի մարզի Հայանիստ համայնքի դպրոցում կրկին գլուխ է բարձրացրել ջրծաղիկ հիվանդությունը, հաղորդում են ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։
Ջրծաղիկ հիվանդության  նոր դեպքեր են արձանագրվել հանրապետության գյուղական համայնքներից մեկում
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /ԱՌԿԱ/. Արարատի մարզի Հայանիստ համայնքի դպրոցում կրկին գլուխ է բարձրացրել ջրծաղիկ հիվանդությունը, հաղորդում են ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։

Տեղում այսօր իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ 2015թ. հունվարին Հայանիստ համայնքում արձանագրվել է ջրծաղկի 12 դեպք, որից 3-ը՝ 2-5, 3-ը՝ 18-20 տարեկան, իսկ մյուսները` դպրոցահասակ երեխաներ:

Մարտ ամսին համայնքում արձանագրվել է հիվանդության 7 դեպք, որից դպրոցական են 3-ը, այն էլ` տարբեր դասարաններից:

Մամուլի ծառայությունից հայտնեցին, որ հանրապետությունում մշտապես իրականացվում է ջրծաղիկ հիվանդության շաբաթական մշտադիտարկում, որի արդյունքները վկայում են, որ 2014թ. նույն ժամանակի համեմատ այս տարի դեպքերն ավելի քիչ են։ Համեմատաբար բարձր ցուցանիշների արձանագրման դեպքում ՀՀ առողջապահության նախարարության կողմից ապահովվում է արագ արձագանքում։ Ներկայիս իրավիճակը օրինաչափ է ընթացիկ սեզոնի համար։

Հիշեցնենք, որ ջրծաղիկը սուր, բարձր վարակելիությամբ օժտված, օդակաթիլային մեխանիզմով փոխանցվող վիրուսային հիվանդություն է, որը տարածված է ամենուր: Մեղմ կլիմայական պայմաններում բնակչության առնվազն 90%-ը ջրծաղիկով հիվանդանում է մինչև 15 տարեկանը, իսկ նրանց առնվազն 95 %-ը` մանկական տարիքում: Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է: Վիրուսը անկայուն է շրջակա միջավայրում, հետևաբար, որպես կանոն, վարակը չի փոխանցվում երրորդ անձի և հիվանդի օգտագործած անձնական իրերի միջոցով: Հիվանդության գաղտնի շրջանը 21 օր է: Ջրծաղիկը սովորաբար թեթև է ընթանում` աննշան ջերմությամբ, չափավոր ախտանշաններով և մաշկի բշտիկավոր ցանավորմամբ: Իրականացվող հակահամաճարակային միջոցառումները հիմնականում ուղղված են դեպքերի տեղայնացմանը և վարակի հետագա տարածման կանխմանը:–0–