Ավինյան. մայիսի 14-ից հետո անպայմանորեն հետաձգելու ենք արտակարգ դրության իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի./ԱՌԿԱ/. Մայիսի 14-ից հետո մենք անպայմանորեն հետաձգելու ենք արտակարգ դրության իրավիճակը, որը չի նշանակում, որ մայիսի 14-ից հետո մենք վերադառնալու ենք ավելի կոշտ ռեժիմի: Այս մասին Civilnet.am-ի հետ զրույցում հայտնել է արտակարգ դրության ժամանակ գլխավոր պարետ Տիգրան Ավինյանը:
«Ուզում եմ չբացառել, որ որոշ սահմանափակումների մենք այնուամենայնիվ կարող ենք վերադառնալ: Որովհետև ֆորս մաժորի ժամանակ ամենօրյա ռեժիմով տվյալների փոփոխությունից և իրավիճակի փոփոխությունից կարող են կայացվել համապատասխան որոշումներ, հենց դրանով է դրությունն արտակարգ»,- նշել է Ավինյանը:
Պարետն ընդգծել է, որ այս պայմաններում հավելյալ սահմանափակումների կարիք չլինելու համար իրենք պետք է փորձեն հասարակության հետ ճիշտ երկխոսության միջոցով պահպանել կանոնների պատշաճ կատարումը:
Հայաստանում մարտի 16–ին մեկ ամսով հայտարարվել էր արտակարգ դրության ռեժիմ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Մարտի 24–ից ապրիլի 12–ը գործում էին մարդկանց տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումներ։ Ապրիլի 13–ին կառավարությունը որոշեց մեկ ամսով երկարացնել արտակարգ դրության ռեժիմը` մինչև 2020թ.–ի մայիսի 14–ը ժամը 17։00–ն։
Հայաստանում մայիսի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3718 դեպք, որոնցից 1500-ն` առողջացած, 48-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2149 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 34766 թեստավորում:-0-