Рейтинг@Mail.ru
USD
381.7
EUR
448.19
RUB
4.8049
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց պարտադիր զինծառայության ժամկետի կրճատման վերաբերյալ կառավարության առաջարկին

24.11.2025, 13:52
Պաշտպանության նախարարը նշեց, թե ում վրա չի տարածվում ծառայության ժամկետի կրճատումը
ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց պարտադիր զինծառայության ժամկետի կրճատման վերաբերյալ կառավարության առաջարկին

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին կառավարության առաջարկին, որով առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 6 ամսով կրճատել:

«Նախատեսվում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 24-ամսյա ժամկետը փոխարինել 18-ամսյա ծառայության ժամկետով՝ դրա գործողությունը տարածելով 2026 թ. հունվարի 1-ից հետո պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող քաղաքացիների վրա»,- հայտնեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: 

Նախարարի խոսքով՝ 2025 թ. ձմեռային զորակոչի շրջանակում զինված ուժերի համալրումը սկսվելու է 2026 թ. հունվարի 7-ից, որի արդյունքում 18-ամսյա ժամկետով ծառայություն են իրականացնելու 2025 թ. ձմեռային զորակոչից սկսած՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիները։

«Ծառայության ժամկետի կրճատումը չի տարածվելու 2026թ հունվարի 1-ի դրությամբ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների վրա», - հայտնեց նախարարը։ 

Շարքային կազմի պարտադիր զինվորական խառայության ժամկետի կրճատումը, ըստ Պապիկյանի, հնարավոր է դարձել վերջին տարիներին պայմանագրային զինվորական ծառայության գրավչության ավելացման և ընդլայնման ուղղությամբ կատարված և շարունակական աշխատանքների շնորհիվ, որոնցից են «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը, ատեստավորման համակարգը, արհեստավարժ սերժանտական համակարգը և այլն։