Գազի ներքին սակագները Հայաստանում քրոնիկ խնդիր են, որը մի քանի տարի է չի լուծվում. Լավրով

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի․ /ԱՌԿԱ/․ Հայ սպառողի համար ռուսական գազի գինը սահմանվում է հենց Հայաստանի ներսում գործող սակագներով, երեքշաբթի ասաց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Ներքին սակագները Հայաստանում քրոնիկ խնդիր են, որը մի քանի տարի է չի լուծվում: Այս սակագներն այնքան բարձր են, որ դժվարացնում են գների առավել գերադասելի մոտեցումները կիրառելը», - ասաց նա «Գորչակովի հիմնադրամի» կողմից կազմակերպված առցանց քննարկման ժամանակ:
Նախարարը անտեղի է համարել հիշել Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների մասին միայն որոշակի իրավիճակներում կամ հարաբերությունների ոլորտներում:
«Մեր բելառուս և հայ ընկերների դիմումները դիտարկելիս հաշվի են առնվում մեր դաշնակցային հարաբերությունները, բայց սխալ է հիշել դրանց մասին միայն այն դեպքում, երբ իրավիճակը տրամագծորեն հակառակ է դառնում նրան, ինչ 3-4 տարի առաջ էր. այն ժամանակահատվածին, երբ գնագոյացման մեխանիզմը ձևավորվել է՝ ամբողջությամբ հաշվի առնելով դաշնակցային պարտավորությունները», - ասել է Լավրովը։
Նրա խոսքով, երբ Հայաստանի և Բելառուսի համար ռուսական գազի գինը 2-3 անգամ ավելի ցածր էր, քան հիմա, դա ընկալվում էր որպես շնորհ, և ոչ ոք չէր ասում, որ դա քաղաքականություն է:
«Բոլորն ասում էին, որ այդպես է պետք: Իհարկե, դաշնակիցները պետք է ստանան տնտեսական առավելություններ, բայց կան նաև պայմանագրային պարտավորություններ », - ասաց նա:
Լավրովն ընդգծել է, որ դաշնակցային հարաբերությունները պետք է դրսևորվեն փոխհարաբերության բոլոր ոլորտներում,այդ թվում՝ տնտեսական:
«Խոսելով տնտեսության մասին, մենք հուսով ենք, որ անցած մի քանի տարիներին համատեղ ձեռնարկությունների՝ ներառյալ« Հարավկովկասյան երկաթուղիների» վերաբերյալ Հայաստանում սկսված դատական գործերը, կկարգավորվեն առանց փորձելու բերել դրա մեջ այնպիսի բաներ, որոնք հարիր չեն դաշնակիցների միջև հարաբերություններին: Հուսով եմ, որ այս բոլոր հարցերը, մենք կհարթենք երկուստեք գոհունակությամբ », - ասել է նա։-0-