ՀՀ-ն համագործակցություն է հաստատում Սերբիայի հետ հանցավորության դեմ պայքարում

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի․/ԱՌԿԱ/․ Այսօր կայացած հերթական նիստում ՀՀ կառավարությունը հաստատել է Սերբիայի կառավարության հետ հանցավորության դեմ պայքարում համագործակցության մասին համաձայնագրի ստորագրման առաջարկը։
Հիմնավորման մեջ նշվում է, որ «ՀՀ-ի և Սերբիայի Հանրապետության միջև հանցավորության դեմ պայքարի մասին» համաձայնագիր կնքելու աշխատանքները ՀՀ ոստիկանության նախաձեռնությամբ մեկնարկել են դեռևս 2016թ., սակայն համաձայնագրի կնքման ներպետական ընթացակարգերի իրականացումից հետո սերբական կողմին փոխանցելուց հետո համաձայնագրի կնքումը ավարտի չի հասցվել։
Կողմերի միջև համագործակցությունը կիրականացվի ահաբեկչության և դրա ֆինանսավորման, կյանքի և առողջության դեմ ուղղված հանցագործությունների, մարդկանց թրաֆիքինգի, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության, երեխաների նկատմամբ սեռական բռնության, անօրինական ներգաղթի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում։ Համագործակցություն կիրականացվի նաև վիճակագրական տվյալների և Կողմերի իրավական ակտերի, համատեղ գիտական փորձերի փոխանակման, այդ թվում՝ որակավորման բարձրացման դասընթացների, խորհրդակցությունների և սեմինարների միջոցով։