Рейтинг@Mail.ru
USD
381.66
EUR
444.4
RUB
4.9734
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 10, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Գյումրու լոկոմոտիվային դեպոյում Հիշատակի և պատվի ծառուղի է բացվել

08.05.2015, 17:55
Հայրենական պատերազմում տարած հաղթանակի նախօրեին` ուրբաթ, «ՀԿԵ» ՓԲԸ–ի նախաձեռնությամբ Գյումրու լոկոմոտիվային դեպոյում Հայրենական պատերազմի մասնակիցների հիշատակի և պատվի ծառուղի է բացվել։
Գյումրու լոկոմոտիվային դեպոյում  Հիշատակի և պատվի ծառուղի է բացվել
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի./ԱՌԿԱ/. Հայրենական պատերազմում տարած հաղթանակի նախօրեին` ուրբաթ, «ՀԿԵ» ՓԲԸ–ի նախաձեռնությամբ Գյումրու լոկոմոտիվային դեպոյում Հայրենական պատերազմի մասնակիցների հիշատակի և պատվի ծառուղի է բացվել։

Ծառուղում տեղադրված վահանակներին նշված են Հայրենական պատերազմի մասնակից երկաթուղայինների անունները, ինչպես նաև` Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչմանն արժանացած հայ երկաթուղայինների անունները։

«Ամեն տարի Հաղթանակի օրվա նախօրեին մենք հավաքվում ենք, հրավիրում մեր վետերաններին, հիշատակի տուրք ենք մատուցում այն զինվորներին, ովքեր չեն վերադարձել մարտի դաշտից։ Մեր ընկերության կոլեկտիվում աշխատել է 73 վետերան, և մենք բոլորին անվանական հիշել ենք, գտել արխիվները, և այսօրվա արարողության շրջանակում Գյումրու լոկոմոտիվային դեպոյի արտադրական հարթակում բացում ենք հիշատակի ծառուղի, որտեղ կպահպանվեն բոլորի անունները հաջորդ սերունդների համար», –ասաց «ՀԿԵ» ընկերության գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը։

Նա նաև նշեց, որ ցուցադրությունը կազմակերպվել է, որպեսզի դեպոյի` այսօրվա և ապագա աշխատողները գիտակցեն ժամանակի կապը, պատասխանատվությունն ու երախտապարտ լինեն նախորդ սերունդներին։

«Պատերազմը, իհարկե, մեծ վնաս է հասցրել մեր ժողովրդին, ավելի քան 26 մլն զինվոր է մահացել մարտի դաշտում, և մեր պարտքն է չմոռանալ և պահպանել այդ հիշողությունը», – ընդգծեց Ռեբեցը։

Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոսության հյուպատոսի տեղակալ Ալեքսանդր Կոչեգարովն իր հերթին ավելացրեց, որ այս նշանավոր օրը բոլորը հարգանքի տուրք են մատուցում զոհված, ինչպես նաև ողջ մնացած վետերաններին, ովքեր անցել են պատերազմի դաժան փորձությունների միջով և անձնվիրաբար կերտել մեծ հաղթանակը։

«Տասնամյակներ անց մենք երախտագիտությամբ ենք հիշում նրանց, ովքեր բացառիկ արիություն և անձնազոհություն են դրսևորել` պայքարելով մեր հայրենիքի ազատության և անկախության համար, ապագա նվիրելով մեզ և մեր երեխաներին»,– նշեց Կոչեգարովը։

Ծառուղու բացման արարողությանը մասնակցել են նաև Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Հայաստանի վետերանների խորհրդի նախագահ Հենրիխ Օձնեցյանը, Հայրենական պատերազմի վետերաններն ու «ՀԿԵ»–ի աշխատակիցները։

Հայրենական պատերազմին մասնակցել է Անդրկովկասի երկաթուղու հայկական բաժանմունքի 73 աշխատակից, որոնցից ողջ են մնացել միայն 40–ը։

Չորս հայ երկաթուղայիններ` Անդրկովկասի երկաթուղու պետ, ԽՍՀՄ հաղորդակցության ուղիների ժողովրդական կոմիսարի առաջին տեղակալ Բագրատ Հարությունովը, Անդրկովկասի երկաթուղու Լենինականի հաղորդակցության և կապի ավագ էլեկտրամեխանիկ Սարգիս Գևորգյանը, Լենինականի լոկոմոտիվային դեպոյի մեքենավար–հրահանգիչ Սերգեյ Միքայելյանն ու նույն դեպոյի մեքենավար Անդրանիկ Խաչատրյանը «Սոցիալիստական աշխատանքի հերոսի» կոչման են արժանացել։

«ՀԿԵ» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերությունն է և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: -0-