Երևանի 4 փողոցներում երթևեկի փոփոխություն է նախատեսված (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի./ԱՌԿԱ/. Երևանում սպասվում է երթևեկի փոփոխություն 4 փողոցներում: Այս մասին նշվում է Երևանի քաղաքապետարանի Facebook-յան էջում:
«Երթևեկության անվտանգության ապահովման և կազմակերպման նկատառումով 2020թ. ապրիլի 30-ից մայրաքաղաքի ևս 4 փողոցների չկարգավորվող հետիոտնային անցումներում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն. Մոլդովական փողոց՝ հ. 27/7, Նորագավիթ 1-ին փողոց 6-րդ փողոցների հատման մասում, Գլինկայի փողոց՝ հ.19, Մ. Բաբաջանյան փողոց՝ հհ.46, 146»,- նշվում է հայտարարության մեջ:
Հաղորդվում է նաև, որ նշված հետիոտնային անցումներում, ինչպես նաև՝ Արշակունյաց պողոտա հհ.12,15, Աճառյան փողոց քարի մոտ, Լենինգրադյան փողոց հ.10, Թբիլիսյան խճուղի հ.73/2, Քանաքեռցու փողոց հ.117 հասցեներում տեղակայվել են «Հետիոտնային կանչ»-ի ռեժիմով աշխատող լուսացույցներ, որոնք կգործարկվեն առաջիկայում։
«Այդ ճանապարհահատվածներով տրանսպորտային միջոցների երթևեկության ու հետիոտնային անցումներով հետիոտների տեղաշարժի հերթականությունը հետիոտների միջամտությամբ կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով»,- նշվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ միաժամանակ աշխատանքներ են տարվում՝ Բաղրամյան պողոտա - Երզնկյան փողոց խաչմերուկում և Զ. Քանաքեռցու փողոց հհ.63,65 հասցեներում առկա հետիոտնային անցումներում «Հետիոտնային կանչ»-ի ռեժիմով աշխատող լուսացուցային օբյեկտների տեղակայման ուղղությամբ։-0-