Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
0

Հայաստանի Բյուրականի աստղադիտարանն ամբողջ հզորությամբ կգործի 2013թ.–ի վերջին

08.02.2013, 19:37
Բյուրականի աստղադիտարանն ամբողջ հզորությամբ կգործի 2013թ.–ի վերջին, ասաց Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավար Վիտկոր Կրիվոպուսկովը։
Հայաստանի Բյուրականի աստղադիտարանն ամբողջ հզորությամբ կգործի 2013թ.–ի վերջին
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի. /ԱՌԿԱ/. Բյուրականի աստղադիտարանն ամբողջ հզորությամբ կգործի 2013թ.–ի վերջին, ասաց Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավար Վիտկոր Կրիվոպուսկովը։

Բյուրականի աստղադիտարանի համալիր արդիականացման ծրագիրն ընթանում է ՌԳԱ ԿՄԻ–ի և մի շարք ռուսական ձեռնարկությունների հետ փոխգործակցության շրջանակներում ձեռք բերված համատեղ պայմանագրով։ Կարդիականացվեն և ամբողջ հզորությամբ կգործեն աստղադիտարանի երկու խոշոր աստղադիտակները, որոնք կրկին որոշակի պարամետրերով աշխարհում լավագույնը կդառնան։ Դրանց կավելանան ևս հինգ նոր ռուսական մոդուլի փոքր աստղադիտակներ;

«Մենք հուսով ենք, որ լրացուցիչ սարքավորումը, որն ունակ է աշխատել ինքնավար ռեժիմում, կգործարկվի գարնան վերջին, իսկ ընդհանուր առմամբ Բյուրականը կսկսի ամբողջովին աշխատել տարեվերջին»,– ուրբաթ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց Կրիվոպուսկովը` ավելացնելով, որ Հայաստանը տիեզերական աղբին հետևելու և աստերոիդ–գիսավորի վտանգը կանխելու միջազգային համակարգի հիմնական կետերից մեկը կդառնա։

Կրիվոպուսկովը հիշեցրեց, որ սկզբում որոշվել էր, որ Բյուրականի աստղադիտարանի համալիր արդիականացման համար մոտ 4,5 մլն եվրոյի չափով ներդրումներ են հարկավոր, սակայն հաշվի առնելով նախագծի լրացումներն ու զարգացումները, թիվը զգալիորեն բարձրացավ։

«Միջոցները գտնվել են, դրանք արդեն ներդրվել են։ Վերադարձի կետն անցած է։  Սարքավորման մի մասը պատրաստ է և առաջիկայում Հայաստան կբերվի, իսկ մյուս մասը կբերվի ընթացիկ տարվա երկրորդ և երրորդ եռամսյակների ընթացքում»,– պարզաբանեց նա։

«Պրոեկտ–Տեխնիկա» ԱԳԿ (Ռոսկոսմոս) գլխավոր տնօրեն Միխայիլ Կարդաշենկոն նշեց, որ այսօրվա դրությամբ սարքավորման պատրաստման և կարգավորման բոլոր աշխատանքներն ավարտված են։

«Մենք այցելեցինք Բյուրական և համոզվեցինք այդ սարքն ընդունելու վերաբերյալ  հայկական կողմի պատրաստակամության հարցում։ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահը մեզ հավաստիացրեց, որ մայիսին Բյուրականի աստղադիտարանի գործիքների մեծ մասը պատրաստ կլինի նորացման համար»,– ասաց նա` պարզաբանելով, որ դրա համար հայկական կողմից որոշակի ներդրումներ կպահանջվեն, և դրանք արդեն իրականացվում են։

Կարդաշենկոն տեղեկացրեց նաև, որ համաձայնություն է ձեռք բերվել համանման սարքավորումներով աշխատելու համար Ռուսաստանում հայ մասնագետների ստաժավորման մեկնարկի մասին, որպեսզի ամռան սկզբից սկսվի Բյուրականի աստղադիտարանի շահագործումը։

Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարանը հիմնադրվել է 1946թ. Արագած լեռան վրա։ Հայկական աստղագիտության բարգավաճման նշանակալի փուլը կապված է հռչակավոր գիտնական, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան հետ:

Բյուրականում անցկացվող գիտական ուսումնասիրությունները համաշխարհային ճանաչում են ստացել, դրանց հիման վրա ստեղծվել են աստղաֆիզիկայի նոր ուղղություններ։-0-