NVIDIA-ի փոխնախագահը ներկայացրեց ՀՀ–ում 500 մլն դոլար արժողությամբ AI կենտրոնի կառուցման առավելությունները
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ 500 մլն դոլար արժողությամբ AI կենտրոնի կառուցումը կուժեղացնի Հայաստանի անվտանգությունը։ Այս մասին հայտարարեց NVIDIA-ի փոխնախագահ Ռև Լեբարեդյանը DigiTec-2025 հոբելյանական համաժողովի շրջանակում «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում։
«Իհարկե։ Եթե մենք ավելի արդյունավետ և օգտակար դառնանք այլ երկրների համար, ապա նրանք ավելի շատ պատճառներ կունենան, որպեսզի Հայաստանը գոյություն ունենա և բարգավաճի։ Հայաստանի խնդիրը միշտ էլ այն է եղել, որ մենք օգնություն ենք խնդրում, բայց հաճախ չենք կարողանում արժեք ներկայացնել նրանց համար, ում դիմում ենք։ Մեզ օգնում են կարեկցանքից դրդված, համակրանք տածելով մեր մշակույթի, լեզվի և պատմության նկատմամբ։ Բայց դա այդպես չի աշխատում», – ասաց Լեբարեդյանը։
Նրա խոսքով, խաղաղություն և անվտանգություն ապահովելու լավագույն միջոցը տնտեսական կապեր ունենալն ու ուրիշների համար նշանակալի լինելն է։ Եվ դա պետք է արվի ոչ միայն խոշոր տերությունների, այլև մեր բոլոր հարևանների հետ։ Կայուն խաղաղությանը հասնելու միակ ճանապարհն է անել այնպես, որ նույնիսկ մեր հարևանները շահագրգռված լինեն մեր երկրի կայունությամբ։
Նա նաև տեղեկացրեց, որ տեղադրված հազարավոր NVIDIA Blackwell GPU-ները կարող են կիրառվել AI-ի ցանկացած խնդիրների համար։
«Այժմ հսկայական պահանջարկ կա հաշվողական հզորությունների նկատմամբ արհեստական բանականության բոլոր համակարգերի համար, որոնք օգտագործում են մարդիկ և ընկերությունները՝ OpenAI–ն, Google–ը, Anthropic–ը, xAI-ը, Grok–ը և այլք։ OpenAI-ն մեծ գործարքներ է կնքում ամբողջ աշխարհում՝ հաշվողական ռեսուրսների նկատմամբ հասանելիություն ապահովելու համար։ Եվ մենք կկարողանանք այդ հզորությունները վաճառել ցանկացած մեկին, ով դրանք կցանկանա՝ անկախ նրանից, թե որտեղ է գտնվում», – ասաց Լեբարեդյանը։
500 միլիոն դոլար արժողությամբ տվյալների կենտրոնի նախագծի մասին
ՀՀ կառավարությունը, NVIDIA-ն, Firebird-ը և Team Group-ը միավորում են ջանքերը՝ տարածաշրջանի ամենահզոր սուպերհամակարգիչը և տվյալների մշակման կենտրոնը ստեղծելու համար, որը կաշխատի արհեստական բանականությամբ (AI):
Հայաստանում արհեստական բանականության տվյալների կենտրոնի 500 միլիոն դոլար արժողությամբ նախագիծը կդառնա նորարարության, կրթության, գիտության և ձեռներեցության հարթակ՝ խթանելով տեղական և միջազգային ստարտափերի զարգացումը, նպաստելով գիտության և տեխնոլոգիաների միջև կապին և Հայաստանը վերածելով տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոնի՝ արհեստական բանականության զարգացման իրական վայրի։ Սա արմատապես կփոխի տարածաշրջանի տեխնոլոգիական քարտեզը։
Սարքավորումները կգնվեն NVIDIA-ից, որը նմանատիպ սարքավորումների առաջատար արտադրողն է աշխարհում, իսկ տվյալների կենտրոնը կպատկանի նորաստեղծ Firebird ընկերությանը։ Այլ մասնակիցների թվում է Dell-ը։ Նախագծի շրջանակում, որի գործարկումը նախատեսված է 2026թ․–ին, կտեղադրվեն NVIDIA–ի Blackwell GPU հազարավոր միկրոպրոցեսորներ և կստեղծվի ավելի քան 100Մվտ հզորությամբ ենթակառուցվածք։
Ամբողջական հարցազրույցին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով