Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Ճապոնիան պատրաստ է կիրառել հայկական`բիոզանգվածներից գազ ստանալու մշակումները

17.06.2014, 18:10
Ճապոնիան պատրաստ է գործնականում կիրառել այլընտրանքային էներգետիկայի ոլորտի հայկական մշակումները, երեքշաբթի լրագրողներին ասաց Հայ–ճապոնական ասոցիացիայի գործադիր տնօրեն Ջունիչի Նակազավան (Junichi Nakazawa)։

Ճապոնիան պատրաստ է կիրառել հայկական`բիոզանգվածներից գազ ստանալու մշակումները
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի. /ԱՌԿԱ/. Ճապոնիան պատրաստ է գործնականում կիրառել այլընտրանքային էներգետիկայի ոլորտի հայկական մշակումները, երեքշաբթի լրագրողներին ասաց Հայ–ճապոնական ասոցիացիայի գործադիր տնօրեն Ջունիչի Նակազավան (Junichi Nakazawa)։

Նա նշեց, որ Հայաստան կատարած իր այցի ընթացքում ծանոթացել է բիոզանգվածների վերամշակման ոլորտում «Բարվա» ընկերության նորարարական հետազոտական կենտրոնի մշակումներին և չի բացառում Ճապոնիայում այդ մշակումների ներդրման հնարավորությունը։

Ինչպես տեղեկացրեց «Բարվա» ընկերության նորարարական հետազոտական կենտրոնի ղեկավար Արամ Վարդանյանը, կենտրոնը տեխնոլոգիա է մշակել, որը թույլ է տալիս ցանկացած բիոզանգվածից ստանալ բարձր արտադրողականության սինթեզ–գազ, որը նման է բնական գազին, սակայն 10–15 անգամ էժան է։

«Նոր տեխնոլոգիայի հիման վրա ստեղծվելու են ոչ մեծ էլեկտրակայաններ, որոնք կկարողանան արտադրել տարեկան մինչև 1,5 մլրդ խորանարդ մետր գազ, ինչը հավասարազոր է Հայաստանի կողմից ռուսական գազի տարեկան օգտագործմանը», – ասաց Վարդանյանը։

Նրա խոսքերով` Հայաստանում հնարավորություն կա կառուցել 2–3 հազար փոքր կայաններ հումքային բազայի մոտակայքում, որոնցից յուրաքանչյուրի արժեքը կազմում է մոտ 3 հազար դոլար։ Նրա խոսքերով` կայանի արտադրած 1 խորանարդ մետր գազի արժեքը կկազմի 20–30 դոլար, իսկ էլեկտրաէներգիան կարժենա մոտ 5 դրամ կՎտ/ժ։

Նա նաև նշեց, որ ծրագիրն արդեն մշակվել է և նախատեսվում է, որ առաջիկա տարվա ընթացքում այն կներդրվի Հայաստանում։

«Բարվա» նորարարական հետազոտական կենտրոնի հիմնական գործունեությունը հակակարկտային համակարգերի, ֆոտովոլտային էլեկտրակայանների արտադրությունն է, ինչպես  նաև վաղ գարնանային սառնամանիքների դեմ պայքարին ուղղված սարքավորումների մշակումն ու արտադրությունը։–0–