Արարատի և Արմավիրի մարզերի ձկնաբուծական 135 տնտեսություն միանվագ աջակցություն կստանա
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի․/ԱՌԿԱ/․Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց որոշում, որով նախատեսվում է աջակցություն տրամադրել Արարատի և Արմավիրի մարզերում գտնվող արդյունագործական ձկնաբուծական 135 տնտեսություններին։
Ինչպես հայտնեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, աջակցություն կտրամադրվի այն տնտեսություններին, որոնք զբաղվում են իշխանի և թառափի բուծմամբ, բեղնավորված ձկնկիթի ու խավիարի արտադրությամբ և հանդիսանում են ԱԱՀ վճարող։
«Աջակցությունը տրամադրվելու է միանվագ փոխհատուցման ձևով հետևյալ բանաձևով. 2026 թվականի առաջին կիսամյակում ձեռք բերված ձկան կերի 1 ամսվա միջին արժեքի 20%-ի չափով, ընդ որում` 1 կիլոգրամի համար հաշվարկել ենք 900 դրամ արժեք», - ասաց Պապոյանը հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ։
Նա նշեց, որ ձեռք բերված կերը պետք է լինի սերտիֆիկացված և համապատասխանի ԵԱՏՄ և ԵՄ ստանդարտներին։
Նախարարի խոսքով՝ ծրագրի անհրաժեշտությունը պայմանավորված է ձկան և ձկնամթերքի արտահանման սահմանափակումների հետևանքով արդյունաբերողների ունեցած ֆինանսական դժվարություններով։
Նախագծի նպատակն է մեղմել այդ դժվարությունները, ինչը տնտեսվարողներին հնարավորություն կտա ներքին շուկայում իջեցնել գները և ավելացնել սպառումը, միևնույն ժամանակ արտաքին շուկաներում գտնել նոր ուղիներ։
Ռուսաստան հայկական ապրանքների մատակարարումների սահմանափակումների մասին
Ռուսաստանը մայիսի վերջից փուլ առ փուլ սահմանափակումներ է մտցնում Հայաստանից մի շարք ապրանքատեսակների մատակարարումների վրա՝ դա բացատրելով բուսասանիտարական պահանջների խախտումներով:
Սահմանափակումների տակ են հայտնվել ծաղկային արտադրանքը, հանքային ջուրը և ալկոհոլային արտադրանքի որոշ տեսակներ, բանջարեղենը, միրգը, հատապտուղները, խաղողը, կարտոֆիլը, չրեղենը, ավելի ուշ՝ կենդանի ձուկը և ձկնամթերքը, իսկ հուլիսի 27-ից՝ կաթնամթերքը:
Սահմանափակումները ներառում են նաև Ռուսաստանի տարածքով հայկական ծագման արտադրանքի տարանցման արգելք դեպի ԵԱՏՄ այլ երկրներ: