ՀԲ–ն նշել է Հայաստանի տնտեսության հիմնական ռիսկերն ու հնարավորություններր
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում լարվածության հնարավոր ուժեղացումը կարող է բացասաբար անդրադառնալ ոչ միայն առևտրի, այլև ընդհանուր առմամբ հանրապետության սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա, հայտարարել է Համաշխարհային բանկի (ՀԲ) ավագ տնտեսագետ Արմինե Մանուկյանը:
Նրա խոսքով՝ Համաշխարհային բանկը դեռևս չունի հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման հնարավոր ազդեցության քանակական գնահատականը Հայաստանի տնտեսական աճի տեմպերի վրա:
«Իրավիճակը շարունակում է զարգանալ և փոխվում է գրեթե ամեն օր: Հնարավոր է՝ հաջորդ կանխատեսումը պատրաստելիս մենք արդեն կարողանանք գնահատել այդ ազդեցությունը, սակայն այժմ կոնկրետ թիվ նշելն անհնար է», — ասաց Մանուկյանը չորեքշաբթի ՀԲ «Հայաստանի տնտեսական զարկերակը. ձգտելով աղքատությունը նվազեցնող աճի՝ավելի ներգործուն հարկաբյուջետային քաղաքականությամբ» զեկույցի ներկայացման ժամանակ:
Հիմնական ռիսկերը
Հայկական տնտեսության համար այլ բացասական գործոնների շարքում Մանուկյանը նշեց Մերձավոր Արևելքում տևական հակամարտության հնարավոր անուղղակի հետևանքները:
Նրա խոսքով՝ դրանք կարող են դրսևորվել առևտրային երթուղիների խաթարման և առանձին ապրանքների մատակարարումների խափանումների տեսքով: Լրացուցիչ ռիսկ կարող է դառնալ ներքաղաքական լարվածությունը, նշեց տնտեսագետը:
Աճի հնարավորությունները
Հայաստանի տնտեսության վրա դրական ազդեցություն, Մանուկյանի խոսքով, կարող են ունենալ հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորումը և տարածաշրջանային փոխկապակցվածության խորացումը:
Բարենպաստ գործոնների թվին նա դասեց նաև ԱՄՆ-ի և Եվրոպական միության նոր հանձնառությունները ռազմավարական ներդրումների ոլորտում:
«Այս գործոնները կարող են նպաստել ներդրումային միջավայրի բարելավմանը, լրացուցիչ ներդրումների ներգրավմանը և տնտեսության կայունության բարձրացմանը», — ասաց Մանուկյանը:
Նրա խոսքով՝ դրանց ազդեցությունը Հայաստանի տնտեսական աճի վրա կարող է հատկապես նկատելի դառնալ միջնաժամկետ հեռանկարում:
Թվեր և կանխատեսումներ Հայաստանի տնտեսության վերաբերյալ
2026 թվականի պետբյուջեում Հայաստանի տնտեսական աճը նախատեսված է 5,4% չափով: Ինչպես հայտնում է Հանրապետության ազգային վիճակագրական կոմիտեն, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը, նախնական տվյալներով, 2026 թվականի հունվար-հունիսին գրանցել է 7,9% աճ՝ 2025 թվականի վեց ամիսների համեմատ:
Ըստ ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակի Դրամավարկային քաղաքականության վերաբերյալ ԿԲ հաշվետվության՝ 2026 թվականի արդյունքներով Հայաստանի ՀՆԱ-ի աճy սպասվում է՝ կախված սցենարից (A-B), 4,5-4,1%, 2027 թվականին՝ 4,7-3,7%, 2028 թվականին՝ 5-6,2%:
Միջազգային ֆինանսական կառույցների կողմից 2026 թվականի համար Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումները. ՀԲ՝ 5,3%, ԱՄՀ՝ 5,25%, ԱԶԲ՝ 5,5%, ՎԶԵԲ՝ 5,5%, ԵԱԶԲ՝ 6%, S&P Global Ratings՝ 5,3%, Fitch Ratings՝ 5,2%: