ՀՀ-ն ու Իրանը կարող են կրկնապատկել գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման ծավալները․ Խուդաթյան
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանն ու Իրանը բանավոր համաձայնություն են ձեռք բերել «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի ընդլայնման շուրջ, որի ծավալները կարող են առնվազն կրկնապատկվել, հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
«Երկուստեք արձանագրել ենք, որ Հայաստանի Հանրապետությունը փաստացի ունի ավելի մեծ ծավալով գազ ստանալու անհրաժեշտություն, Իրանի Իսլամական Հանրապետությունն ունի ավելի մեծ ծավալով էլեկտրաէներգիա ստանալու անհրաժեշտություն»,- Իրան կատարած եռօրյա այցի արդյունքներով «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Խուդաթյանը։
Նրա խոսքով՝ Իրան-Հայաստան գազատարի թողունակությունը գերազանցում է մատակարարումների ընթացիկ ծավալները։
Նախարարը նշել է, որ գործող ենթակառուցվածքները և 400 կՎ լարման Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման նոր (երրորդ) գծի շահագործումը թույլ կտան առնվազն կրկնապատկել փոխանակման ծավալները։
«Մենք կկարողանանք Իրանի Իսլամական Հանրապետություն արտահանել առնվազն երկու անգամ ավելի շատ էլեկտրաէներգիա և փոխարենը ստանալ երկու անգամ ավելի շատ գազ»,- ասել է Խուդաթյանը։
Մնացած հարցերը կմշակվեն աշխատանքային խմբերի կողմից, որոնք կողմերը մտադիր են ստեղծել առաջիկայում։
Խուդաթյանը հույս է հայտնել, որ էլեկտրահաղորդման նոր գծի կառուցումը կավարտվի մինչև 2026 թ.-ի վերջը։
Նա նաև ընդգծել է, որ իրանական գազի մատակարարումների ավելացման ծրագրերը կապված չեն Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունների հետ։
«Այս որոշումը կապված չէ որևէ այլ երկրի, մասնավորապես Ռուսաստանի Դաշնության հետ։ Խոսքը փոխշահավետ տնտեսական գործունեության մասին է, որի ընդլայնմամբ հետաքրքրված են երկու կողմերը»,- ասել է նախարարը։
2009 թ.-ի մայիսի 15-ից Հայաստանը Իրան-Հայաստան գազատարով բնական գազ է ստանում Իրանից։ «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի շրջանակում իրանական գազն օգտագործվում է Հայաստանի տարածքում էլեկտրաէներգիա արտադրելու համար, որից հետո այն արտահանվում է Իրան՝ 1 խորանարդ մետր բնական գազի դիմաց 3 կՎտ/ժ հաշվարկով։ 2023 թվականի օգոստոսին կողմերը համաձայնագիրը երկարաձգել են մինչև 2030 թվականը՝ նախատեսելով գազի ներմուծման և էլեկտրաէներգիայի արտահանման ծավալների ավելացման հնարավորություն։