Արդշինբանկը վերագործարկել է SME թվային հարթակը՝ ՓՄՁ-ներին առաջարկելով ավելի պարզ և արդյունավետ ֆինանսավորման հնարավորություն
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Արդշինբանկը շարունակում է ընդլայնել փոքր և միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) համար նախատեսված թվային ծառայությունները՝ վերագործարկելով SME թվային հարթակը՝ նորացված հնարավորություններով և կատարելագործված գործիքակազմով, հաղորդում է Արդշինբանկի մամուլի ծառայությունը։
SME թվային հարթակի միջոցով ՓՄՁ-ները կարող են առցանց ներկայացնել հայտ և օգտվել ավտոմատ վարկավորման ծառայությունից։ Լուծումը թույլ է տալիս կայացնել օպերատիվ որոշումներ, պարզեցնել գործընթացները և մեծացնել ֆինանսական միջոցների հասանելիությունը բիզնեսի զարգացման տարբեր փուլերում։
Ավտոմատ վարկավորումն առաջարկում է 20 մլն ՀՀ դրամ կամ կամ համարժեք արտարժույթ՝ մինչև 60 ամիս ժամկետով և հետևյալ տարեկան՝ ՀՀ դրամ՝ 15%, ԱՄՆ դոլար՝ 14%, եվրո՝ 12.5% և փաստացի՝ ՀՀ դրամ՝ 16.08%, ԱՄՆ դոլար՝ 14.93%, եվրո՝ 13.24% տոկոսադրույքներով։
Վարկավորումը տրամադրվում է շրջանառու միջոցների համալրման, հիմնական միջոցների ձեռքբերման, կապիտալ ներդրումների իրականացման, ընթացիկ ծախսերի ֆինանսավորման և կրեդիտորական պարտքի մարման նպատակով։
«ՓՄՁ-ների համար ժամանակը որոշիչ գործոն է։ Այդ պատճառով մենք տրամադրում ենք լուծումներ, որոնք ընկերություններին թույլ են տալիս արագ կողմնորոշվել ֆինանսավորման հարցերում և ընտրել իրենց նպատակներին համապատասխան տարբերակը։ SME թվային հարթակի վերագործարկումը ևս մեկ քայլ է՝ բիզնեսներին ավելի հասանելի և ժամանակակից բանկային ծառայություններ առաջարկելու ուղղությամբ»,- նշում են Արդշինբանկում։
Արդշինբանկը, կարևորելով բիզնեսների հաջողությունը, առաջարկում է նաև անհատական խորհրդատվություն։ ՓՄՁ հաճախորդներին աջակցում են բանկի մասնագետները՝ օգնելով ընտրել այս կամ այն բիզնես նպատակին առավել համապատասխանող ֆինանսավորում։
ՓՄՁ ֆինանսավորման հնարավորությունների ընդլայնման նպատակով Արդշինբանկը համագործակցում է նաև միջազգային ֆինանսական կառույցների հետ։ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ համագործակցության շրջանակում ներգրավված ֆինանսավորումը գերազանցում է 155 մլն ԱՄՆ դոլարը՝ ներառելով մինչև 35% դրամաշնորհային բաղադրիչ։ Եվրոպական ներդրումային բանկի հետ շուրջ 100 մլն եվրոյի համագործակցությունը ևս նպաստում է ՓՄՁ հատվածի երկարաժամկետ ֆինանսավորման հասանելիության ընդլայնմանը։
Միջազգային գործընկերների վստահության ու բանկի հետևողական ռազմավարության արդյունքում այսօր Արդշինբանկն արդեն կայուն դիրք է զբաղեցնում Հայաստանի ՓՄՁ ֆինանսական շուկայում։ Վերջին մեկ տարվա ընթացքում բանկի ՓՄՁ վարկային պորտֆելն աճել է գրեթե կրկնակի, և դինամիկան կայուն դրական զարգացում ունի։ Սա վկայում է Արդշինբանկի` առաջատար դիրքերի շարունակական ամրապնդման մասին։
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: