Рейтинг@Mail.ru
USD
366.57
EUR
420.09
RUB
4.6643
GEL
139.3
2026 թ. հուլիսի 16, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+28

Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան կամ ձկնամթերքի արտահանման կարգը

Այսօր, 15:57
Գործադիրը հաստատել է ՀՀ–ից ԵՄ երկրներ ձկան կամ ձկնամթերքի արտահանման նպատակով առևտրի վերահսկման և փորձագիտական համակարգում տնտեսավարող սուբյեկտի գրանցման, գրանցումը դադարեցնելու և առողջության սերտիֆիկատ տալու կարգը
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան կամ ձկնամթերքի արտահանման կարգը

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Գործադիրը հաստատել է Հայաստանի Հանրապետությունից Եվրոպական Միության երկրներ ձկան կամ ձկնամթերքի արտահանման նպատակով առևտրի վերահսկման և փորձագիտական համակարգում տնտեսավարող սուբյեկտի գրանցման, գրանցումը դադարեցնելու և առողջության սերտիֆիկատ տալու կարգը։

Ըստ հիմնավորման՝ 2025 թ. մարտի 16-ից ՀՀ պաշտոնապես թույլտվություն է ստացել ջրային կուլտուրաների` թեփուկավոր ձկների և դրանց արտադրանքը արտահանել ԵՄ երկրներ։ Եվրոպական Հանձնաժողովի կանոնակարգի համաձայն՝ ձուկ կամ ձկնամթերք արտահանող տնտեսավարողները, որպեսզի կարողանան իրականացնել արտահանում, պետք է գրանցված լինեն ԵՄ առևտրի վերահսկման և փորձագիտական համակարգում (TRACES)։

Եվրոպական Հանձնաժողովի կանոնակարգի համաձայն՝ ձուկ կամ ձկնամթերք արտահանող տնտեսավարողները ԵՄ չափանիշներին համապատասխանելու դեպքում՝ կարող են իրականացնել արտահանում, եթե վերջիններս գրանցված են համակարգում։

Հայաստանի Հանրապետությունում ԵՄ առևտրի վերահսկման և փորձագիտական համակարգում տնտեսավարողների գրանցման լիազորություն ունի միայն Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, հետևաբար անհրաժեշտ է ենթաօրենսդրական իրավական ակտով կարգավորել Հայաստանի Հանրապետությունից Եվրոպական Միության երկրներ ձկան կամ ձկնամթերքի արտահանման նպատակով համակարգում գրանցման, գրանցման դադարեցման հետ կապված, ինչպես նաև առողջության սերտիֆիկատ տալու հարաբերությունները: Գործընթացները ուղղված են շուկաների դիվերսիֆիկացմանը, ինչն էլ իր հերթին կնպաստի արտահանման ծավալների ավելացմանը, տնտեսությունների էլ ավելի արդիականացմանը՝ միջազգային ստանդարտներին համապատասխան։

Մեկ այլ որոշմամբ էլ հաստատվել է ԵՄ առևտրի վերահսկման և փորձագիտական համակարգում գրանցման համար ձկնաբուծական տնտեսություններին կամ ձկնամթերքի արտադրական կազմակերպություններին կամ ձկան կամ ձկնամթերքի պահպանում իրականացնող կազմակերպություններին ներկայացվող պահանջները։

Ինչպես նշել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, որոշման ընդունումը ռազմավարական կարևոր քայլ է դեպի եվրոպական շուկա հայկական արտադրանքի արտահանման նոր հնարավորությունների ստեղծման ճանապարհին և պայմանավորված է արտահանման գործընթացի համար անհրաժեշտ իրավական հիմքերի ապահովմամբ: 

«ԵՄ երկրներ արտահանելու համար պարտադիր պայման է ձկնաբուծական տնտեսությունների, ձկնամթերքի արտադրական կազմակերպությունների կամ ձկնամթերքի պահպանում իրականացնող կազմակերպությունների՝ ԵՄ առևտրի վերահսկման և փորձագիտական համակարգում գրանցված լինելը և ԵՄ տեխնիկական կանոնակարգերին ու չափանիշներին համապատասխանությունը»,-ասել է Էկոնոմիկայի նախարարը։

Գևորգ Պապոյանը հավելել է, որ ըստ այդմ՝ սահմանվում է գրանցման բավականին պարզ, թափանցիկ և միջազգային պահանջներին համապատասխան ընթացակարգ։ «Մենք տեսել ենք այն ընթացակարգը, որը ԵՄ-ում կա, և ամբողջապես տեղայնացրել ենք հայկական իրականության մեջ։ Ուզում եմ ուրախությամբ նշել, որ ներկայումս ԵՄ երկրներ արտահանելու նպատակով 5 ընկերություն արդեն ցուցաբերել է հետաքրքրություն և սպասում է մեր որոշմանը։ Այն բարձր ստանդարտները, որոնք համապատասխանում են ԵՄ պահանջներին, այս պահին արդեն 5 կազմակերպություն ապահովել է։

Այս որոշումների ընդունմամբ հնարավորություն կտրվի վերոնշյալ ընկերություններին ձուկ և ձկնամթերք արտահանել ԵՄ երկրներ՝ նվազեցնելով կախվածությունը մեկ արտահանման շուկայից և դիվերսիֆիկացնելով մեր արտահանումը։ ԵՄ ստանդարտների ներդրումը, իհարկե, կխթանի տեղական արտադրության արդիականացումը և կբարձրացնի սննդամթերքի անվտանգությունը ընդհանուր մակարդակում»,- ասել է նախարարը։

Գևորգ Պապոյանը տեղեկացրել է, որ նախարարությունը գործողությունների ճանապարհային քարտեզ է մշակել, որն ինտեգրվելու է ՊԵԿ-ի համակարգի հետ։

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել. «Երկու տեսակի հետագծելիություն կա՝ ֆիզիկական շարժի և փաստաթղթերի։ Հիմա երկրորդ ուղղության համար այս պահին շատ ակտիվ բանակցում ենք ԵՄ-ի հետ։ ԵՄ-ում գործում է տրանզիտի թվային համակարգ։ Մենք պետք է համաձայնագրով միանանք դրան։ Այս պահին առաջին հայտը ներկայացրել ենք՝ դիտորդի կարգավիճակ ստանալու համար, և հաջորդ քայլով կմիանանք այդ համակարգին։ Դա հնարավորություն կտա, որ ՀՀ-ից արտահանվող ապրանքների փաստաթղթերը թվային տեսքով միանգամից արտացոլվեն այդ համակարգում, և ԵՄ ներմուծողը, այնտեղի մաքսային մարմիններն արդեն տեղեկացված լինեն, թե ինչ է Հայաստանից գալիս ԵՄ։ Սա առաջին քայլն է, որի ուղղությամբ շատ ակտիվ աշխատանք է տարվում։ Դրան կհաջորդի ֆիզիկական շարժի հետագծելիության հարցը, որը պետք է առանձին քննարկենք և հասկանանք, թե ինչպես պետք է լուծվի ԵՄ ներսում»։

Մհեր Գրիգորյանը, կարևորելով ապրանքի հետածգելիությունը, նշել է, որ իրականում դա բարդ է կազմակերպել տրանզիտ երկրներում. «Ամեն դեպքում մենք պետք է դա լուծենք, որովհետև եթե դա չլուծենք, շատ բարդ է լինելու զարգացած շուկաներում մրցակցելը»։