Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Երևանում «ԷՅ ՋԵՅ ԷՅ ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ–ի և ոսկերչական յոթ ընկերությունների միջև համագործակցության համաձայնագրեր են ստորագրվել

28.04.2014, 14:10
«ԷՅ ՋԵՅ ԷՅ ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ–ն և ոսկերչական յոթ ընկերություններ երկուշաբթի համագործակցության համաձայնագրեր են ստորագրել։
Երևանում  «ԷՅ ՋԵՅ ԷՅ ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ–ի և ոսկերչական յոթ ընկերությունների միջև համագործակցության համաձայնագրեր են ստորագրվել
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի. /ԱՌԿԱ/. «ԷՅ ՋԵՅ ԷՅ ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ–ն և ոսկերչական յոթ ընկերություններ երկուշաբթի համագործակցության համաձայնագրեր են ստորագրել։

«Սա շատ կարևոր և պատասխանատու օր է մեզ համար, քանի որ մեր գործունեության մեկնարկի մասին ՀՀ կառավարության հետ համաձայնագրի ստորագրումից անցել է ուղիղ մեկ ամիս, և այսօր մենք արդեն ունենք առաջին ռեզիդենտները, որոնք պատրաստ են մեզ հետ ստորագրել համաձայնագրեր», – ասել է «ԷՅ ՋԵՅ ԷՅ ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն Արտակ Ուդումյանը ստորագրման արարողության ընթացքում, որը տեղի է ունեցել «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում։

Պայմանագիրը ստորագրվել է «Թանկարժեք» (Ռուսաստան), «Դուրուս» (ԱՄՆ), «Գոլդ Լիս» (ԱՄՆ), «Ալեքս» (Ալժիր), «Գոլդեն Սոլյունշս» (Հորդանան), «Պերլիտ» («Մալկա–Ամիտ» ընկերություն) ընկերությունների, ինչպես նաև ռուս ձեռներեց Եկատերինա Գևորգյանի հետ, ով մտադիր է ԱՏԳ–ի շրջանակներում հիմնադրել ոսկե և արծաթե բրենդային զարդերի արտադրությամբ զբաղվող ընկերություն։

Ուդումյանը տեղեկացրել է, որ «ԷՅ ՋԵՅ ԷՅ ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ–ի հետ համագործակցելու ցանկություն են հայտնել ավելի շատ ընկերություններ, ինչի կապակցությամբ այս տարվա մայիսի վերջին ևս մի շարք համաձայնագրեր կստորագրվեն շատ լուրջ օտարերկրյա ձեռներեցների հետ։

Նա ընդգծել է, որ պայմանագրերի ստորագրումը ԱՏԳ–ի գործունեության սկիզբ է նշանավորում` ընդգծելով, որ այս պահին օտարերկրյա ձեռներեցների հետ համատեղ տարածքների վերանորոգման, բարեկարգման և տեխնիկական զինման աշխատանքներ են ընթանում, որոնք պետք է համապատասխանեն ընկերությունների սեփականատերերի նախապատվություններին։

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանն իր հերթին նշել է, որ ՀՀ կառավարության առջև ԱՏԳ–ի աշխատանքի ժամկետների սահմանման խնդիր չի եղել, և գոտու զարգացման նման արագ տեմպերը պայմանավորված են ««ԷՅ ՋԵՅ ԷՅ ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ–ի աշխատանքի մասշտաբներով, որը հավանության է արժանացել ՀՀ կառավարության կողմից և միավորում է ողջ աշխարհի հայ ոսկեգործներին։

«Սա պետք է դառնա օազիս, ազատ գոտի հայ և ոչ միայն հայ ոսկերիչների համար, որտեղ նրանք կարող են ստեղծել, արտադրել և արտահանել իրենց արտադրանքը», – ասել է Հարությունյանը։

Նա հիշեցրել է, որ ոսկեգործությունը, ալմաստի և ժամացույցների արտադրությունը ներառված է արտահանմանը միտված և հեռանկարային ոլորտների թվում, որտեղ Հայաստանն ունի մեծ ներուժ և հարուստ ավանդույթներ։

ՀՀ կառավարությունը փետրվարի 27–ին կայացած նիստի ժամանակ հաստատել է «ԷՅ ՋԵՅ ԷՅ Հոլդինգ» ՓԲԸ–ի տարածքում ազատ տնտեսական գոտու ձևավորման և «ԷՅ ՋԵՅ ԷՅ Ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ–ին ԱՏԳ–ի կազմակերպիչ ճանաչելու մասին որոշումը։

ՀՀ կառավարության կայքում ներկայացված «ԷՅ ՋԵՅ ԷՅ Ազատ տնտեսական գոտի» ընկերության բիզնես–նախագծում նշվում է, որ ոսկերչական ոլորտի, ալմաստի վերամշակման և ժամացույցների արտադրության համար Ազատ տնտեսական գոտու ստեղծման նախաձեռնողը Հայաստանի ոսկերիչների միությունն է։

25 հազար քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող ԱՏԳ–ն, որից 12,75 հազար քառակուսի մետրը նախատեսված է արտադրական նպատակների համար, գործելու է Երևանի կենտրոնում գտնվող «Ավիահամալիր» գործարանի տարածքում։ Ծրագիրն իրականացվելու է երեք փուլով։

ԱՏԳ–ի կազմակերպիչը նախատեսում է ՀՀ կառավարության հետ 10 տարվա պայմանագիր ստորագրել` 20 տարով երկարացնելու հնարավորությամբ։ ԱՏԳ–ի աշխատանքի առաջին տասը տարուց հետո կներկայացվի նոր բիզնես–նախագիծ։–0–