Ապրիլին փակվել է 71471 աշխատատեղ, որոնցից 50094–ը վերականգնվել է. Փաշինյանը խոսել է տնտեսական ցուցանիշների վերականգնման մասին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Facebook–յան իր էջում ուղիղ եթերի ժամանակ անդրադարձավ կորոնավիրուսի հետևանքով նվազած տնտեսական ցուցանիշների վերականգնման ու լոքդաունին վերադառնալու հավանականության թեմային։
«Մարտ ամսից մենք կորոնավիրուսային խնդիրների մեջ ենք, և ապրիլն ամբողջությամբ անցկացրեցինք արգելափակման տրամաբանության մեջ, և ամենակարևոր պրոբլեմը, որ մենք այդ ընթացքում ունեցանք, տնտեսական խնդիրներն էին», – ասաց վարչապետը` նշելով, որ այդ ընթացքում մենք տեսնում էինք, որ մեր տնտեսությունն արագ տեմպերով գահավիժում է։
«Ապրիլին մենք արձանագրեցինք, որ ՀՀ–ում փակվել է 71471 աշխատատեղ։ Այս և մի քանի այլ տվյալներ վերլուծելով`մենք վերջնականապես համոզվեցինք, որ պետք է որդեգրենք կորոնավիրուսին զուգահեռ ապրելու ռազմավարություն, որովհետև հակառակ դեպքում եթե մենք ամբողջությամբ կենտրոնանանք միայն առողջապահական սեգմենտի վրա, մենք ոչ թե տնտեսական անկում կունենանք, այլ տնտեսական փլուզում», – ընդգծեց Փաշինյանը։
Նա նաև ավելացրեց, որ որգեդրած այս մոտեցումն արդեն հիմնավորում է իր ճշմարտությունը։
«Ինչպես գիտենք ամեն ամսվա 20–ին ներկայացվում են նախորդ ամսվա եկամտային հարկի հաշվետվությունները։ Մեծ ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ մայիսին, երբ մենք որոշեցինք լոքդաունի քաղաքականությունը չշարունակել, 50094 աշխատատեղ վերականգնվել է, ընդ որում ես խոսում եմ միայն վճարվող աշխատատեղերի մասին, որովհետև մեր վիճակագրության մեջ կան աշխատատեղեր, երբ մարդը դե յուրե աշխատում է, բայց աշխատավարձ չիստանում, այսինքն զրոյական հաշվետվություն են ներկայացնում», – նշեց Փաշինյանը։
Նա նաև ասաց, որ աշխատատեղերի վերականգնման պրոցեսը շարունակվում է։
«Իհարկե սա չի նշանակում, որ մենք հետտնտեսական բարդությունները հաղթահարել ենք, սա նշանակում է, որ մենք վերականգնման պրոցես ենք սկսել, այն պետք է շարունակենք», – ասաց ՀՀ վարչապետը։
Նրա խոսքով, նրա համար շատ անսպասելի էին այսօրվա տնտեսական ցուցանիշները։
«Մենք պետք է մաքսիմալն անենք լոքդաունին վերադառնալու անհրաժեշտությունից խուսափելու համար։ Ուզում եմ, որ մենք պայմանավորվենք, որ չունենք լոքդաունին վերադառնալու անհրաժեշտություն, իսկ սրա համար հարկավոր է մեկ բան, որ մենք ճշգրիտ պահենք հակահամաճարակային կանոնները` կրենք դիմակ, ախտահանենք ձեռքերն ու պահպանենք սոցիալական հեռավորություն։ Եթե մենք այս կանոնները պահենք, մենք բավականաչափ արագ կունենանք որոշակի վերականգնում»,, – ընդգծեց նա։
Նա նաև ավելացրեց, որ ՊԵԿ ներկայացված տվյալները ցույց են տալիս, որ առևտրի շրջանառության ծավալները նույնպես վերականգնվում են, և մենք պարտավոր ենք միասին այս տնտեսական տեմպը պահել։–0–