Փաշինյանը Եվրոպական խորհրդի նախագահի հետ քննարկել է Հայաստանին 2.6 միլիարդ եվրո հատկացնելու պայմանավորվածության կատարման ընթացքը
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի./ԱՌԿԱ/. Նախօրեին տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Եվրոպական խորհրդի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի, տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգի մի շարք հարցերի մասին:
«Փաշինյանը և Միշելը քննարկել են նաև ԵՄ-ի Արևելյան գործընկերության տնտեսական և ներդրումային պլանի շրջանակներում Հայաստանին 2.6 միլիարդ եվրո հատկացնելու պայմանավորվածության կատարման ընթացքը, ընդգծել ներդրումային փաթեթով նախատեսված ծրագրերի արդյունավետ իրագործման կարեւորությունը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Շառլ Միշելը վերահաստատել է Հայաստանի համար նախատեսված ներդրումային ծրագիրը լիարժեք կերպով իրականացնելու ԵՄ հանձնառությունը և ընդգծել ծրագրերի գործնական իրագործման փուլը հնարավորինս արագ սկսելու կարևորությունը:–0–