Հայ և ռուս մասնագետները կքննարկեն ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի արդիականացման և շահագործման ժամկետի հարցերը

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի. /ԱՌԿԱ/. Մարտի 28-ին Մեծամորում կանցկացվի Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման ծրագրի հայ-ռուսական համատեղ համակարգող հանձնաժողովի 6-րդ նիստը, հայտնում է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության մամուլի ծառայությունը:
«Նիստի ընթացքում կքննարկվեն Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման ծրագրով նախատեսված աշխատանքների, ինչպես նաև 2018թ. ապրիլի 14-ից մեկնարկող պլանային նախազգուշական վերանորոգման նախապատրաստական միջոցառումների ընթացքը», - նշվում է տարածած հաղորդագրությունում:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում տեղի է ունեցել ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի արդիականացման և շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի հերթական փուլի պլանային նախազգուշական վերանորոգման նախապատրաստական աշխատանքներին նվիրված խորհրդակցություն, որը վարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը:
Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Գագիկ Մարտիրոսյանը, ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանն ու Հայկական ատոմային էլեկտրակայանի ղեկավար և ինժեներական անձնակազմը:
«Քննարկվել են ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ իրականացված աշխատանքները, շահագործման ժամկետի երկարաձգման և արդիականացման ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքը: Մասնավորապես քննարկվել են տուրբինային և ռեակտորային արտադրամասերում նախատեսված շինմոնտաժային և կարգաբերման աշխատանքների սահմանված ժամկետներում ավարտի ապահովման հնարավոր ռիսկերը: Այդ թվում՝ անհրաժեշտ սարքավորումների և նյութերի մեծածավալ մատակարարումների ընթացքը», - նշվում է հաղորդագրությունում։
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել նաև մի շարք կազմակերպչական հարցերի, որոնց առնչությամբ տրվել են համապատասխան հանձնարարականներ:
Հայկական ատոմային էլեկտրակայանը միակն է Հարավային Կովկասում, գտնվում է Երևանից մոտ 36 կմ արևմուտք՝ Մեծամոր քաղաքի մոտակայքում։ Ներկայում կայանի արտադրանքը բավարարում է Հայաստանի բնակչության կողմից օգտագործվող էլեկտրաէներգիայի 40%–ը։ Կայանը փակվեց՝ Հայաստանի 1988 թվականի երկրաշարժից հետո ծագած անհանգստությունների պատճառով։ Սակայն, Թուրքիայի և Ադրբեջանի Հայաստանի շրջափակման պատճառով, որը Հայաստանում էներգիայի պակասություն առաջացրեց, պատճառ դարձավ Հայաստանի կառավարության կայանի վերաբացման որոշման՝ 1993 թվականին։ Երկրորդ էներգաբլոկը գործողության բերվեց 1995 թվականի հոկտեմբերի 26-ին։
Հայաստանը մտադիր է նոր ատոմային էներգոբլոկ կառուցել` 600 Մվտ հզորությամբ, կառուցման աշխատանքները նախատեսվում է սկսել 2018-2019 թթ.: Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 5 մլրդ դոլար: Ռուսաստանն ավելի վաղ պատրաստություն է հայտնել հոգալԱԷԿ–ի նոր էներգաբլոկի կառուցման աշխատանքների ծախսերի մի մասը ապրանքների ու սարքավորումների տեսքով: Գումարի մյուս մասը նախատեսվում է ծածկել տարբեր երկրներից ստացվող ֆինանսական աջակցության միջոցով։–0–