Մենք կփորձենք կառուցել նոր ԱԷԿ մինչև 2040 թ.–ը. ՀՀ վարչապետ
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի./ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունն աշխատում է Մեծամորի ԱԷԿ–ի շահագործման ժամկետը երկարացնելու ուղղությամբ, «Էխո Մոսկվիին» տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով ատոմակայանի ապագայի մասին հարցին Հայաստանի և ԵՄ–ի միջև էներգետիկայի մասին համաձայնագրի վավերացման շրջանակում։
«Մենք հիմա աշխատում ենք մեր ատոմակայանի շահագործման ժամկետը երկարացնելու ուղղությամբ։ Հայաստանի համար շատ կարևոր է ունենալ ատոմային էներգետիկա։ Այսօրվա դրությամբ հույս ունենք մինչև 2040 թ.–ը երկարացնել մեր ատոմակայանի շահագործման ժամկետը և մինչ այդ փորձել կառուցել նոր ատոմակայան», – ասաց նա։
Փաշինյանը հույս հայտնեց, որ ՌԴ–ն կօգնի նոր ԱԷԿ–ի կառուցման հարցում` ընդգծելով, որ այս պահին Հայաստանը բավարար ֆինանսական միջոցներ չունի, որպեսզի ինքնուրույն սկսի այդ գործընթացը։
«Մենք շատ ենք հետաքրքրված այս թեմայով։ Չեք պատրաստվում փակել մեր ատոմակայանը», – ասաց նա։
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը մայիսի 25–ին հայտարարել է, որ Հայաստանը ԵՄ–ի հետ համաձայնեցրել է ԱԷԿ–ի շահագործումը 10 տարով երկարաձգելու հարցը ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում։ Նախարարը նաև հայտարարել է, որ այսօրվա դրությամբ Հայաստանը անհրաժեշտ չի համարում կառուցել նոր ատոմակայան։
Ավելի վաղ Հայաստանը մտադիր էր կառուցել 600 ՄՎտ հզորությամբ նոր ատոմային էներգաբլոկ, կառուցումը նախատեսվում էր սկսել 2018–2019 թթ.–ին։ Նախագծի ընդհանուր արժեքը կազմում էր մոտ 5 մլրդ դոլար։ Ռուսաստանը հայտարարել էր, որ պատրաստ է փակել հայկական ԱԷԿ–ի նոր էներգաբլոկի կառուցման ծախսերի մի մասը` արտադրանքի և սարքավորումների տեսքով։ Պակասող միջոցները նախատեսվում էր վճարել տարբեր երկրների ֆինանսական աջակցության միջոցով։–0–