Рейтинг@Mail.ru
USD
381.84
EUR
447.02
RUB
4.8218
GEL
141.56
2025 թ. դեկտեմբերի 11, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+6

Սարատովցի ձեռներեցները շահագրգռված են Հայաստանի հետ առևտրային կապերի զարգացման հարցում. Սարատովի տնտեսական զարգացման փոխնախարար

09.12.2014, 15:34
Սարատովցի ձեռներեցները շահագրգռված են Հայաստանի հետ առևտրային կապերի զարգացման հարցում, երեքշաբթի Երևանում ասաց Սարատովի մարզի տնտեսական զարգացման և ներդրումային քաղաքականության նախարարի տեղակալ Ալեքսանդր Գրեչիխոն։
Սարատովցի ձեռներեցները շահագրգռված են Հայաստանի հետ առևտրային կապերի զարգացման հարցում. Սարատովի տնտեսական զարգացման փոխնախարար
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Սարատովցի ձեռներեցները շահագրգռված են Հայաստանի հետ առևտրային կապերի զարգացման հարցում, երեքշաբթի Երևանում ասաց Սարատովի մարզի տնտեսական զարգացման և ներդրումային քաղաքականության նախարարի տեղակալ Ալեքսանդր Գրեչիխոն։

Նրա խոսքերով` Սարատովի մարզը ուժեղ ագրարային շրջան է` զարգացած արդյունաբերությամբ, պաշտպանական ձեռնարկություններով, դեղագործական ուղղվածությամբ։

«Մեզ հետաքրքրեցին որոշ տնտեսական պահեր, պատրաստ ենք աշխատել Հայաստանի հետ և քննարկում ենք ոչ միայն սեփական արտադրանքի արտահանման, այլ նաև այն ապրանքների ներկրման հարցերը, որոնք Հայաստանում ավելցուկով են արտադրվում», – ասաց Գրեչիխոն։

Նա նաև նշեց, որ սարատովցի գործարարները քննարկում են Հայաստան տեխնոլոգիաների արտահանման հարցն ու հանրապետությունը որպես հարթակ օգտագործելու հնարավորությունն` իրենց կապերը տարածաշրջանում զարգացնելու համար։

Նրա խոսքերով` սարատովյան ընկերություններն արդեն Հայաստանից գնում են քար և Սարատովում դրանից պատրաստում դեկորատիվ առարկաներ։ Բացի այդ, սարատովցի գործարարները հետաքրքրված են Հայաստանում խտանյութերի և խյուսերի գնման հարցում` հյութեր արտադրելու համար։

2013 թ.–ի դեկտեմբերին Հայաստան կատարած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի ընթացքում Երևանի և Սարատովի առևտրաարդյունաբերական պալատների միջև համագործակցության համաձայնագիր ստորագրվեց։

Սարատովի մարզից ժամանած գործարարների պատվիրակությունը քառօրյա այցով գտնվում է Հայաստանում, որի շրջանակում կազմակերպվում են հանդիպումներ Հայաստանի էկոնոմիկայի, էներգետիկայի, գյուղատնտեսության, տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունների ներկայացուցիչների, գործարարների և պոտենցիալ գործընկերների հետ։ 

Ռուսական պատվիրակության կազմում ներառված են  հրշեջ–պահպանական սարքավորումների իրացմամբ, բիոկատալիզատորների, դեղորայքի, անասնաբուժական դեղամիջոցների, սննդային հավելումների, նավթամթերքի, շինարարական նյութերի արտադրությամբ, էներգետիկ սարքավորումների մատակարարմամբ, շինարարական աշխատանքներով զբաղվող ընկերությունների ներկայացուցիչները։ 

Սարատովի մարզի պատիվրակության այցը Հայաստան իրականացվում է Երևանի առևտրաարդյունաբերական պալատի, Սարատովի մարզի կառավարության, Սարատովի մարզի տնտեսական զարգացման և ներդրումային քաղաքականության նախարարության և «Սարատովի մարզի բիզնես ինկուբատոր» պետական ունիտար ձեռնարկության նախաձեռնությամբ։ 

Այցի շրջանակում նախատեսված է նաև հարցերի քննարկում` Սարատովի մարզի և Հայաստանի Գեղարքունիքի մարզի միջև փոխշահավետ երկկողմ հետագա համագործակցության համար։–0–