Ամերիկյան AECOM ընկերությունը կօգնի Հայաստանին TRIPP նախագծի իրականացման գործում
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի․/ԱՌԿԱ/․ Ենթակառուցվածքների նախագծման միջազգային ճարտարագիտա-խորհրդատվական AECOM ընկերության պատվիրակությունն այցելել է Հայաստան՝ աջակցելու TRIPP նախագծի իրականացմանը, հայտնում է Երևանում ԱՄՆ դեսպանատունը։
«Մենք շարունակում ենք համատեղ ջանքերը TRIPP-ի իրականացման առաջմղման ուղղությամբ՝ մեր ընդհանուր տեսլականի շրջանակում, այն է՝ աջակցել Հայաստանի վերածմանը տարածաշրջանային տարանցիկ և տնտեսական հաբի»,- ասվում է դեսպանատան հաղորդագրության մեջ։
Դիվանագիտական ներկայացուցչությունից նշել են, որ AECOM-ն աշխատում է ԱՄՆ Պետքարտուղարության հետ ամբողջ աշխարհում իրականացվող նախագծերի շուրջ և ներգրավված է Հայաստանում TRIPP-ի իրականացման աշխատանքներում։
Սա AECOM-ի ներկայացուցիչների արդեն երրորդ այցն է Հայաստան։ Ընկերությունը, ինչպես նշվում է դեսպանատան տեսանյութում, կաջակցի նախագծի առաջընթացին՝ օգտագործելով երկաթուղային ենթակառուցվածքների ոլորտում իր փորձառությունը։
Հաջորդ փուլը ենթադրում է տեղանքի ուսումնասիրություն և ուղու առանձին տարրերի հստակեցում։
TRIPP նախագծի մասին
«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի շուրջ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Հայաստանի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանի, Դոնալդ Թրամփի և Իլհամ Ալիևի միջև և ամրագրվել է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հռչակագրով։
Դեկտեմբերի 10-ին Փաշինյանը հայտարարել է, որ անհրաժեշտ ենթակառուցվածքների՝ երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհների, նավթամուղների ու գազամուղների, ինչպես նաև օպտիկամանրաթելային մալուխների զարգացման իրավունքը կստանա հայ-ամերիկյան «TRIPP Company» համատեղ ձեռնարկությունը, որը կգրանցվի Հայաստանում։ Իրականացման և շինարարության փուլը նախատեսվում է սկսել 2026 թվականին։