ԵՏՄ երկրները պետք է շեշտադրեն միջպետական տնտեսական համագործակցությունը. փորձագետ
20.01.2015,
18:32
Հայաստանն ու ԵՏՄ մյուս երկրները պետք է շեշտը դնեն միջպետական տնտեսական համագործակցության և տեղական արտադրության զարգացման վրա, երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը։
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանն ու ԵՏՄ մյուս երկրները պետք է շեշտը դնեն միջպետական տնտեսական համագործակցության և տեղական արտադրության զարգացման վրա, երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը։
Հայաստանը 2015 թ.–ի հունվարի 2–ից դարձել է Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ։
«Հայաստանի և միության մնացած երկրների տնտեսական քաղաքականությունն ի վերջո պետք է փոխվի։ Դրա կապակցությամբ ԵՏՄ–ի շրջանակում պետք է մշակվեն համընդհանուր տնտեսական օրենքներ, որպեսզի անդամ երկրների տնտեսությունները սահուն զարգանան», – ասաց Սաֆարյանը։
Նրա խոսքերով` բնական է, որ Հայաստանն ու միության մնացած երկրներն ունեն տնտեսության զարգացման տարբեր ուղղվածություններ, սակայն նրանք պետք է մշակեն նոր քաղաքականություն` շեշտադրելով տեղական արտադրության զարգացումը, միջպետական տնտեսական համագործակցությունը, օգտագործելով յուրաքանչյուր երկրի ներուժը, այդ թվում նաև գիտատեխնիկական հնարավորությունները, համատեղ ներդրումային քաղաքականության շրջանակում։
«2015 թ.–ի առաջնահերթությունը Հայաստանի համար պետք է դառնա այն, որ երկիրը պետք է կանգնի տնտեսական զարգացման ուղու վրա, քանի որ վերջին տասնամյակի բյուջեները սոցիալական են, իսկ ներդրումային քաղաքականությունը պասիվ վիճակում է։ 2015 թ.–ի բյուջեն նույնն է, 47,9 տոկոսն ուղղված է սոցիալական ծախսերին, իսկ բյուջեն ինքնին այնքան փոքր է, որ թույլ է տալիս լուծել միայն ինքնապահպանման հարցը», – ասաց Սաֆարյանը։
2015 թ.–ի պետբյուջեի եկամուտները նախատեսված են 1 տրիլիոն 191 մլրդ դրամի սահմանում (որից հարկային մուտքերին և տուրքերին նախատեսված է 1 տրիլիոն 138 մլրդ դրամ կամ ՀՆԱ–ի 23.39 տոկոսը), ծախսերը` 1 տրիլիոն 305 մլրդ դրամ կամ ՀՆԱ–ի 26,82 տոկոսը։ Պակասուրդը նախատեսված է 114 մլրդ դրամի սահմանում կամ ՀՆԱ–ի 2,34 տոկոսը, ՀՆԱ–ի իրական աճը` 4,1 տոկոսի սահմանում, գնաճը` 4 տոկոսի սահմանում (±1,5%) (1$ - 477, 91 դրամ)։-0-