Fitch-ը 2027թ․–ից Հայաստանի պետբյուջեի դեֆիցիտը կանխատեսում է 3,5%–ից բարձր
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի․/ԱՌԿԱ/․ Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունն ակնկալում է, որ Հայաստանի կառավարությունը 2026 թվականին կհասնի պետական բյուջեի դեֆիցիտի 4,5% թիրախային ցուցանիշին, սակայն կանխատեսում է, որ 2027 թվականից սկսած դեֆիցիտները բարձր կլինեն իշխանությունների սահմանած 3,5% միջնաժամկետ թիրախից:
«Fitch-ի գնահատմամբ՝ պետական կառավարման հատվածի դեֆիցիտը 2025 թվականին կազմել է ՀՆԱ-ի 5,0%-ը, ինչը ցածր է բյուջեով նախատեսված 5,5%-ից, բայց դեռևս բարձր է «BB» դասի երկրների համար սահմանված միջին ցուցանիշից (3,0%): Սա արտացոլում է ավելի ցածր կապիտալ ծախսերը և տոկոսավճարները», - նշված է գործակալության զեկույցում:
Վերլուծաբանները նշում են, որ Հայաստանի 2026 թվականի բյուջեն նախատեսում է 4,5% դեֆիցիտ՝ պաշտպանական ծախսերի կրճատման ֆոնին (նվազում 2,1 տոկոսային կետով՝ մինչև ՀՆԱ-ի 4,7%-ը): Միաժամանակ, առողջապահական ծախսերն ավելացել են ՀՆԱ-ի 0,5%-ով՝ համընդհանուր բժշկական ապահովագրության համակարգի փուլային ներդրումը ֆինանսավորելու համար:
Համաշխարհային բանկի «Armenia Monthly Economic Update – December 2025» զեկույցում նշվում է, որ հոկտեմբերին Հայաստանում արձանագրված դեֆիցիտը՝ կանխատեսվող տարեկան ՀՆԱ-ի 1,4%-ի չափով, երկու անգամ գերազանցել է առաջին երեք եռամսյակների ընդհանուր դեֆիցիտը: Ընդ որում, հունվար-հոկտեմբեր ամիսների համախառն դեֆիցիտն աճել է մինչև կանխատեսվող տարեկան ՀՆԱ-ի 2,1%-ը, որի երկու երրորդն իրականացվել է հոկտեմբերին:
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ավելի վաղ հայտարարել էր, որ նախատեսվում է բյուջեի դեֆիցիտը 2026 թվականին 5,5%-ից կրճատել մինչև 4,5%, 2027 թվականին՝ մինչև 3,5%, այնուհետև՝ մինչև 2,8%, իսկ մինչև 2030 թվականն այդ ցուցանիշը հասցնել 1%-ի: