Рейтинг@Mail.ru
USD
368.18
EUR
428.71
RUB
5.1754
GEL
138.15
2026 թ. մայիսի 29, ուրբաթ
եղանակը
Երևանում
+17

Հայաստանի պարենային ինքնաբավության մակարդակը կազմում է մոտ 60%. Գյուղնախարարություն

09.09.2013, 17:34
Հայաստանի սննդամթերքի պարենային ինքնաբավության մակարդակը 2013 թվականին կազմում է 60 տոկոս, ասում է Հայաստանի գյուղատնտեսության նախարարությանն առընթեր զարգացման ծրագրերի վարչության պետ Հրաչյա Ծփնեցյանը։
Հայաստանի պարենային ինքնաբավության մակարդակը կազմում է մոտ 60%. Գյուղնախարարություն
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի սննդամթերքի պարենային ինքնաբավության մակարդակը 2013 թվականին կազմում է 60 տոկոս, ասում է Հայաստանի գյուղատնտեսության նախարարությանն առընթեր զարգացման ծրագրերի վարչության պետ Հրաչյա Ծփնեցյանը։

«Պարենային անվտանգությունը երկրի ազգային անվտանգության կարևորագույն բաղադրիչն է»,– ասաց Ծփնեցյանը։

Նա հայտնում է, որ գյուղատնտեսության առավել վիճելի ճյուղերը տվյալ համատեքստում կազմում են ցորենի, եգիպտացորենի, թռչնամսի և խոզի մսի արտադրությունը։

«Ցորենի արտադրության մասով ինքնաբավության մակարդակը կազմում է 35-36 տոկոս, թռչնամսի արտադրության մասով` 12-20 տոկոս, իսկ խոզի մսինը` 41 տոկոս»,– նշեց Ծփնեցյանը։

Փորձագետի կարծիքով, ինքնաբավության բավականին բարձր մակարդակ է գրանցվում կարտոֆիլի, բանջարաբոստանային մշակաբույսերի, պտուղների, խաղողի, մանր եղջերավոր անասունի մսի, տավարի մսի, ինչպես նաև հավկիթի արտադրության գծով։ Միջինից բարձր ցուցանիշներ են գրանցվում կաթի և կաթնամթերքի մասով։

Ծփնեցյանը նշեց, որ Գյուղնախարարության համապատասխան կառույցների ռազմավարությունն իրականացվում է պարենային անվտանգության ցուցանիշների բարձրացման ուղղությամբ արտադրության ծավալների ավելացման միջոցով։

«Ռազմավարությունը նախատեսում է պետական քաղաքականության մոտ 13 ուղղություններ և մոտ 60 միջոցառումներ։ Կատարվում է նաև իրավիճակի մշտադիտարկում»,– նկատեց փորձագետը։

Գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանն իր հերթին նշեց, որ երկրի պարենային անվտանգության մակարդակի բարձրացմանը կարող է նպաստել արտադրության ավանդական տեխնոլոգիաների կատարելագործումը և ժամանակակից մեթոդիկաների ներդրումը։

Փորձագետները նշեցին, որ առաջնահերթ սննդամթերքի ինքնաբավության մակարդակը ծրագրվում է մինչև 2020 թվականը հասցնել 80-85 տոկոսի։ -0-