Հայաստանում տնտեսական ակտիվությունը 2026 թ.-ի հունվար-օգոստոսին աճել է 7,3%-ով
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը, նախնական տվյալներով, 2026 թ.-ի հունվար-օգոստոսին, 2025 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 7,3%-ով, հայտնում է Հայաստանի Վիճակագրական կոմիտեն։
Ընդ որում, ընթացիկ տարվա օգոստոսին՝ անցյալ տարվա օգոստոսի համեմատ, ցուցանիշն աճել է 5,2%-ով, իսկ այս տարվա հուլիսի համեմատ՝ 4,5%-ով։
Ութ ամիսների ընթացքում արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 2 070 479,4 մլն դրամ՝ 2025 թ.-ի հունվար-օգոստոսի համեմատ ավելանալով 7,4%-ով։ Օգոստոսին տարեկան կտրվածքով գրանցվել է 4,3% անկում, իսկ հուլիսի համեմատ ցուցանիշն աճել է 1,9%-ով։
Շինարարության ծավալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 471 645,9 մլն դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 24,7%-ով։ Օգոստոսին տարեկան կտրվածքով աճը կազմել է 23,8%, իսկ ամսական կտրվածքով՝ 16,9%։
Ներքին առևտրաշրջանառությունը հունվար-օգոստոսին կազմել է 4 390 033,6 մլն դրամ, ինչը 0,7%-ով բարձր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Օգոստոսին տարեկան կտրվածքով ցուցանիշն աճել է 0,1%-ով, իսկ հուլիսի համեմատ՝ 1,3%-ով։
Առանց առևտրի հաշվառման՝ ծառայությունների ոլորտի ծավալը 2026 թ.-ի ութ ամիսներին հասել է 3 029 514,9 մլն դրամի՝ 2025 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 12,8%-ով։ Օգոստոսին տարեկան աճը կազմել է 11,4%, իսկ ամսական կտրվածքով գրանցվել է 1,3% անկում։
Թվեր և կանխատեսումներ Հայաստանի տնտեսության վերաբերյալ
2026 թ.-ի պետական բյուջեով Հայաստանի տնտեսական աճը նախատեսված է 5,4%-ի չափով։ ՀՀ Վիճակագրական կոմիտեի նախնական տվյալներով՝ 2026 թ.-ի երկրորդ եռամսյակում Հայաստանի ՀՆԱ-ն, 2025 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 6,7%-ով, իսկ 7 ամիսների ընթացքում տնտեսական ակտիվության աճը տարեկան կտրվածքով կազմել է 7,7%, ինչը, Համաշխարհային բանկի գնահատմամբ, գերազանցում է սկզբնական կանխատեսումները։
Ընթացիկ տարվա երրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության զեկույցի համաձայն՝ ԿԲ-ն 2026 թ.-ի արդյունքներով Հայաստանի ՀՆԱ-ի աճը (կախված Ա-Վ սցենարներից) ակնկալում է 5,7-5,3%-ի սահմաններում:
Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումները միջազգային ֆինանսական հաստատությունների կողմից 2026 թ.-ի համար. ՀԲ՝ 5,3%, ԱՄՀ՝ 5,25%, ԱԶԲ՝ 5%, ՎԶԵԲ՝ 5,5%, ԵԱԶԲ՝ 6%, S&P Global Ratings՝ 4,9%, Fitch Ratings՝ 5,2%: