Կառավարությունն ընդունեց ջերմատնային բանջարեղենի, ելակի և ծաղիկների արտահանման աջակցության ծրագիրը
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց ջերմատնային արտադրանքի (լոլիկ, պղպեղ, ելակ և ծաղիկներ) արտահանման աջակցության ծրագրին։
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հայտարարեց, որ գերատեսչության շարունակական նպատակն է շուկաների դիվերսիֆիկացումը, մեկ շուկայից կախվածության նվազեցումը և հայկական ապրանքների դիրքավորումը համաշխարհային շուկայում։
«Այս համատեքստում անհրաժեշտություն է առաջանում աջակցել տնտեսվարողներին` դիվերսիֆիկացնելու շուկաները և ձևավորել մատակարարման նոր շուկաներ։ Այս նախագիծը ջերմատնային արտադրության թարմ պտուղ-բանջարեղենի և ծաղիկների արտահանման աջակցության միջոցառում է, որի շրջանակում որոշ հիմնական ապրանքային խմբերի համար սահմանվում է արտահանված ծավալի համար փոխհատուցում», - նշեց Խոջոյանը։
Փոխնախարարը հայտնեց, որ փոխհատուցման չափը ելակի յուրաքանչյուր կիլոգրամի համար կազմում է 770 դրամ, լոլիկի համար՝ 275 դրամ, պղպեղի համար՝ 400 դրամ, իսկ ծաղիկների յուրաքանչյուր հատի համար՝ 37 դրամ։
«Ծրագրից կարող են օգտվել ՀՀ ռեզիդենտ համարվող իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը կամ ֆիզիկական անձինք, որոնք ՀՀ տարածքից 2026 թվականի հունիսի 1-ից հուլիսի 1-ն իրականացրել են արտադրանքի արտահանում։ Նշված ապրանքների արտահանումն իրականացնելուց հետո փոխհատուցման ստացման նպատակով տնտեսվարող սուբյեկտը դիմում է Էկոնոմիկայի նախարարություն` ներկայացնելով ապրանքի տարածման հայտարարագրերը կամ արտահանման հայտարարագրերի պատճենը, ինչպես նաև հաշվարկային փաստաթղթերը», - ասաց Խոջոյանը։
Նրա խոսքով՝ որոշման ընդունումը հնարավորություն կտա դիվերսիֆիկացնել արտահանման շուկաները, ինչը կնպաստի կազմակերպությունների բնականոն գործունեության ապահովմանը։
Փոխնախարարը նաև հայտնեց, որ արտահանման դինամիկայի վերլուծությունը ցույց է տալիս, որ այս ծրագրի շրջանակներում հունիսին կարտահանվի ավելի քան 4 հազար 250 տոննա բանջարեղեն և ելակ, ինչպես նաև շուրջ 10 միլիոն հատ ծաղիկ՝ հավելելով, որ միջոցառման ժամկետը սահմանված է մեկ ամիս՝ անհրաժեշտության դեպքում վերանայման սկզբունքով։
Ավելի վաղ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել էր, որ նախատեսվում է նաև վերադարձնել ԵՄ մատակարարվող թարմ պտուղ-բանջարեղենի ու ծաղիկի մաքսատուրքը:
Նախարարը նաև նշել էր, որ ավելի ուշ կներդրվի նաև մրգերի արտահանման սուբսիդավորումը։
Հայաստանից ՌԴ արտադրանքի մատակարարումների սահմանափակումների մասին
Ռոսսելխոզնադզորը մայիսի 22-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել Հայաստանից ծաղկային և պարենային արտադրանքի ներմուծման նկատմամբ՝ մինչև ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հրավերով ռուս մասնագետների մասնակցությամբ տեսչական ստուգումների ավարտը։
Նաև Ռոսսելխոզնադզորը հայտարարել էր դժգոհությունների մասին՝ կապված Հայաստանից ՌԴ մատակարարվող մրգի և բանջարեղենի հետ։
Բացի այդ, Ռոսպոտրեբնադզորը կասեցրել է Հայաստանից «Ջերմուկ» հանքային ջրի բոլոր խմբաքանակների, ինչպես նաև հայկական երեք արտադրողների գինու և կոնյակի ներմուծումն ու շրջանառությունը Ռուսաստանում։
Ռոսսելխոզնադզորը 2026 թվականի մայիսի 30-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել Հայաստանից ծագող և առաքվող թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներմուծման նկատմամբ՝ մինչև առաքվող արտադրանքի անվտանգության ապահովման համապատասխան ալգորիթմի մշակումը։