Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 6, կիրակի
եղանակը
Երևանում
+27

Միրզոյանն ու Տոկաևը քննարկել են համատեղ նախաձեռնությունների իրականացումը տնտեսական ոլորտում

28.03.2025, 13:02
Կարևորվել է տնտեսական, առևտրի, տրանսպորտի, նորարարությունների, կրթության ոլորտներում համատեղ նախաձեռնությունների իրականացումը
Միրզոյանն ու Տոկաևը քննարկել են համատեղ նախաձեռնությունների իրականացումը տնտեսական ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի․/ԱՌԿԱ/․ Մարտի 27-ին՝ Ղազախստան պաշտոնական այցի շրջանակներում, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին ընդունել է Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, հայտնում է ՀՀ ԱԳՆ–ն։ 

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ղազախստանի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր։ Երկուստեք գոհունակությամբ ընդգծվել է վերջին շրջանում բարձր մակարդակի քաղաքական երկխոսության ակտիվ դինամիկան և անդրադարձ է կատարվել ձեռքբերված պայմանավորվածությունների կյանքի կոչման ընթացքին։  

Արարատ Միրզոյանը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը մտքեր են փոխանակել երկու երկրների միջև ռազմավարական բնույթի գործընկերության զարգացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շուրջ։ 

Կարևորվել է տնտեսական, առևտրի, տրանսպորտի, նորարարությունների, կրթության ոլորտներում համատեղ նախաձեռնությունների իրականացումը։  

Տնտեսական զարգացման և փոխկապակցվածության ապահովման համատեքստում զրուցակիցներն ընդգծել են տրանսպորտային-լոգիստիկ կապուղիների արդյունավետ կիրառմանն ու բեռնափոխադրումների ծավալների ավելացմանն ուղղված ջանքերի կարևորությունը։   

ՀՀ ԱԳ նախարարը և Ղազախստանի նախագահը մտքեր են փոխանակել նաև միջազգային ու տարածաշրջանային բնույթի հարցերի շուրջ։  

Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել Ղազախստանի դիրքորոշումը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջ մղման, մասնավորապես խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում։ Արարատ Միրզոյանը շեշտել է, որ Հայաստանը պատրաստ է պայմանագրի ստորագրմանը, ինչին հնարավոր կլինի հասնել երկու կողմերից քաղաքական կամքի դրսևորման պարագայում։